Հաղթե՞ց, թե պարտվեց Պուտինը. «ՀԺ»
«Հժ»-ն գրում է. Ռուսաստանի դաշնության նախագահ Ղրիմի իշխանության ներկայացուցիչների հետ երեկ Կրեմլում համաձայնագիր ստորագրեցին՝ Ղրիմի Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին։ Ռուսաստանը և Ղրիմը ցնծության մեջ են և նշանավորում են այդ պատմական հաղթանակը։ Իրականում, սակայն, տեղի ունեցածը հաղթանակ գնահատելը վաղաժամ է թվում։ Ի վերջո՝ Պուտինը պայքարում էր Ուկրաինայի համար, բայց ստանում է միայն Ղրիմը. մի՞թե սա կարելի է հաղթանակ համարել։
Այն ինչ ինչ տեղի է ունենում Ղրիմի շուրջ, ՌԴ նախագահի սփոփոտչ մրցանակն է ռուսական էլիտային, Մայդանում կրած ծանր պարտության տպավորությունը ցրելու և հետագա պայքարի շանս ստանալու համար։ Եվ ուրեմն պետք է արձանագրել, որ այսպիսով ուկրաինական պատերազմը ոչ միայն ավարտած չէ, այլև նոր է սկսվում։
Եթե Պուտինը որոշել է գնալ մինչև վերջ, ուրեմն պիտի փորձի Ղրիմի սցենարն իրականացնել նաև Ուկրաինայի արևելյան մարզերում։ Սցենարը կարող է լինել հետևյալը. արևելյան Ուկրաինայում բախումներ են սկսվում ուկրաինացիների և ռուսների միջև և ռուսական զորքերը մտնում են այնտեղ իրավիճակը կայունացնելու համար։ Ապա և տեղի են ունենում հանրաքվեներ ղրիմյան սցենարով։Եվ Ուկրաինայում, և Արևմուտքում հասկանում են նման սցենարի հնարավորությունը, և ուրեմն ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար վճռական պահ է. կարո՞ղ են նրանք ռեալ ազդեցություն ունենալ Ուկրաինայի արևելքում իրավիճակը կայունացնելու հարցում, թե՝ ոչ։ Ռուսաստանն այստեղ պլան «բ» էլ ունի, այն է փորձել առանց Ղրիմի մնացած Ուկրաինան ֆեդերատիվ պետություն դարձնել։ Սրա նպատակն այն է, որ ֆեդերացիայի արևելյան սուբյեկտները մշտապես մահակի դեր կատարեն Կիևի գլխին և նրան թույլ չտան ինտեգրվել Արևմուտքի հետ՝ պարտադրելով, վատագույն դեպքում, պահպանել չեզոքություն։
Բայց, հատկապես Ղրիմից հետո սա մի պայման է, որին Կիևը որևէ կերպ համաձայնել չի կարող, դա մոտավորապես նման կլինի կապիտուլյացիայի։
Ահա այս հարցի վերջնական որոշումից հետո է, որ հնարավոր կլինի գնահատել հաղթե՞ց Պուտինը Ուկրաինայում, թե պարտվեց։ Եթե ի վերջո Ուկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, եթե ի վերջո դառնա ՆԱՏՕ-ի անդամ, դա միանշանակ և աներկբա պարտություն կլինի Պուտինի համար, որովհետև ստանալով Ղրիմը՝ նա կկորցնի ռազմավարական կարևորագույն դիրքեր, ինչը Ռուսաստանը կդարձնի առավել խոցելի: Եվ ուրեմն, իրավիճակի ցանկացած գնահատական վաղաժամ է, և դեռ պետք է սպասել հետագա զարգացումներին։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։