Արմեն Գևորգյանը ներկա է գտնվել «Սիսիանը` 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք» միջոցառումների մեկնարկի արարողությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում մասնակցեց «Սիսիանը` 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք» միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Ողջունելով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությունը` փոխվարչապետը հույս հայտնեց, որ այն լավ ավանդույթի հիմք կդնի եւ կնպաստի մարզային քաղաքներում երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը:

Փոխվարչապետը  շնորհավորեց Սիսանի բնակչությանն ու, հատկապես, երիտասարդներին, համոզմունք հայտնելով, որ տարվա ընթացքում իրականացվելիք  բազմաթիվ ծրագրերն ու միջոցառումները  քաղաքն իսկապես կդարձնեն երիտասարդության կենտրոն ու նաեւ օգտակար կլինեն  տեղաբնակ  երիտասարդների համար: Ծրագրի հաջողությունը, ըստ նրա, կնպաստի, որպեսզի հետագա տարիներին ավելի շատ քաղաքներ մրցեն այդ տիտղոսը նվաճելու համար:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից  2013թ. առաջին անգամ  անցկացված  «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող էր ճանաչվել Սիսիանը: Մարզային քաղաքները երիտասարդական մայրաքաղաք հռչակելու նախաձեռնության նպատակը տեղում ողջ տարվա ընթացքում երիտասարդական ծրագրերով նախատեսած բազմաթիվ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումն է, ինչը կնպաստի քաղաքներում երիտասարդական կյանքի աշխուժացմանը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս