
911-ը հասանելի կլինի բոլորին և ամենուր

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը:
Մարտի 12-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել և ընդունվել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը:
Որոշմամբ սահմանվել է, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի յուրաքանչյուր օպերատոր պարտավոր է իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթի սահմաններում անվճար ապահովել իր և այլ օպերատորների բաժանորդների հասանելիությունը արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայությանը: Միաժամանակ, օպերատորները պարտավոր են իրենց գործառնական գրասենյակներում, ինտերնետային կայքերում և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկացնել իրենց բաժանորդներին նշված ծառայության համընդհանուր հասանելիության վերաբերյալ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը և միջպետական ավտոճանապարհների 97%-ն ապահովված են հանրային շարժական բջջային կապի ծածկույթով, «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության խնդիրը նշված վայրերում գործնականում կարելի է լուծված համարել:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակելու է ծածկույթի ընդլայնման ու «911» և «112» ծառայության արդյունավետության բարձրացմանն աջակցելու աշխատանքները:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն