Ներեցեք, Հայաստանն անգամ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել, ի՞նչ Ղրիմի ճանաչման մասին կարող է խոսք լինել
Ճանաչո՞ւմ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը Ղրիմի հանրաքվեի արդյունքները, և ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: 168.am-ի այս հարցին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խուսափեց կոնկրետ պատասխանել՝ ասելով, թե Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքներն ամենևին անակնկալ չէին:
Այս հարցի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց ՀՀ արտգործնախարարությունից, որի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ որևէ կերպ հնարավոր չեղավ կապ հաստատել, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը նույնպես անպատասխան թողեց այդ հարցադրումը:
Հարցի առնչությամբ մեկնաբանություններ են տվել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, նաև փորձագետներ, և նրանցից շատերը համակարծիք են եղել, որ, ամեն դեպքում, Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի հարցի վերաբերյալ պետք է լինի զգուշավոր: Օրինակ` «Ժառանգության» անդամ Ս. Սաֆարյանն ասաց. «Ես չգիտեմ աշխարհում որևէ ճանաչման գործընթաց, երբ որևէ պետություն ճանաչել է որևէ երկրի նոր շրջանի միացումը, նման բան չկա: Այդ առումով` կարծում եմ, որ Հայաստանը մեծագույն ցանկության դեպքում էլ չի կարող ճանաչել: Նույնն է, որ մենք ճանաչենք Ստավրոպոլի մարզը, Ալյասկան, Սիբիրը, դա ուղղակի անհեթեթություն է: Ներեցեք, Հայաստանն անգամ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել, ի՞նչ Ղրիմի ճանաչման մասին կարող է խոսք լինել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: