Ի՞նչ է ԲՀԿ-ն, ո՞վ է ԲՀԿ-ի որոշումներն ընդունում
«Այդ քառյակի առանցքային ուժը ԲՀԿ-ն է, մի կուսակցություն, որի դիրքորոշումների մասով այդպես էլ ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե դա ի՞նչ է, ոչ մեկը չգիտի` ո՞վ է այդ կուսակցության որոշումներն ընդունում, որտե՞ղ են դրանք ընդունվում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը` անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
Նա հիշեցրել է, որ ԲՀԿ-ն համապետական ընտրությունների արդյունքում միշտ իր համար ապահովել է երկրորդ տեղը` դրանով իսկ ընդդիմադիր մյուս ուժերին դուրս մղելով պայքարից: «ԲՀԿ-ն աշխատում է ընդդիմադիր էլեկտորատի հետ և անընդհատ ապահովելով իր համար երկրորդ տեղը դուրս է մղում ցանկացած կուսակցության ակտիվ դիրքերից»,- ասել է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի հայտարարություններին, թե ԲՀԿ-ն իր գործողություններով ընդդիմություն է, իրեն պահում է որպես ընդդիմադիր ուժ, ապա Մանվել Սարգսյանը հռետորական հարց է հնչեցրել. «Կարո՞ղ եք ինձ ասել` ավելի հզոր ծառայություն գործող ռեժիմին այս վերջին տարիներին ո՞ր քաղաքական ուժն է ապահովում: Պարզ, հստակ երևում է, չէ՞, որ դա ԲՀԿ-ն է, մյուսներին էլ ձեռնտու է այդ ուժի հետ համագործակցելը»: