Կառավարությունը ցանկանում է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները միգրացիայի ոլորտում
Եվրոպական Միության հետ միգրացիայի ոլորտում հարաբերությունները սերտացնելու նպատակով Հայաստանի կառավարությունն իր առաջիկա նիստում (մարտի 20) մտադիր է հավանության արժանացնել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների փաստաթուղթը:
«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի շրջանակներում Հայաստանը պարտավորվում է քննարկել ԵՄ անդամ պետության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ, երրորդ պետությունների քաղաքացիների հետընդունման, ինչպես նաև ՀՀ տարածքով երրորդ պետությունների քաղաքացիների տարանցման մասին դիմումները և համաձայնագրով սահմանված ժամկետներում պատասխանել դրանց: Տվյալ համաձայնագրում նախատեսված է առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման վերաբերյալ ստացվող դիմումներին պատասխանելու կարճ ժամկետներ` կախված դեպքից` 2 աշխատանքային օրից մինչև 12 օրացույցային օր: