
Վախճանվել է արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունը սրտի խոր ցավով տեղեկացնում է, որ երկարատեւ հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Հովհաննիսյանը:
Արտաշես Հովհաննիսյանն իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր Իջեւանի ժողովրդական թատրոնում, ապա աշխատել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ բեմադրել էր «Տորեադորների վալսը» , «Մթին պատմություն», «Աշնան արեւ» եւ մի շարք այլ ստեղծագործություններ:
Նա Հայաստանում առաջինը ստեղծեց ոչ պետական թատրոն՝ «Նորք» թատրոն-ստուդիան, որը գործեց տեւական ժամանակ: Կյանքի վերջին տարիներին Արտաշես Հովհաննիսյանը ստեղծեց Թեքեյան թատերախումբը: Անվանի բեմադրիչ-մանկավարժը բեմադրություններով հանդես է եկել Երեւանի Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան եւ այլ թատրոններում: