Այս պահին հայտնի չեն սանկցիաներ, որոնք անելանելի վիճակի մեջ են դնում ՌԴ տնտեսությունը. Հ. Բագրատյան. Tert.am
Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ գործարար հատվածը պատրաստ լինի զրկվել իր բիզնեսներից և պայքարի իշխանության դեմ, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը բերեց Ուկրաինայի օրինակը ասելով.«Ուկրաինական հեղափոխության հիմնական ֆինանսավորողը Պարաշենկոն էր և Կուչմայի փեսա Պինչուկը, որոնք Ուկրաինայի առաջին հնգյակի հարուստներից են»:
– Պարո՛ն Բագրատյան, եթե երկուշաբթի օրվանից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն կոնկրետ Հայաստանի տնտեսության վրա դա ինչպե՞ս է անդրադառնալու:
– Հայաստանը կստանա 5-6 հարված, և առաջին ու ամենամեծ հարվածը տրանսֆերտների նվազումը կլինի: Մյուս հարվածներն են՝ գների թանկացում, մեր ներքին ապրանքների արտահանման սահմանափակումներ: Նաև այն, որ Հայաստանում կան ռուսական բանկեր, որոնք վարկավորում են իրականացնում այստեղ, նրանց վարկային պորտֆելները կպակասեն կամ ընդհանրապես չեն վարկավորի՝ կախված նրանից, թե հարվածն ինչ մեծության կլինի:
– Կան տնտեսագետներ, ովքեր ասում են, որ Հայաստանի տնտեսությունն այնքան վատ վիճակում է, որ հազիվ թե ինչ–որ բան այն ավելի վատը դարձնի:
-Դե ես ինքս ասել եմ, որ ավելի վատ չի կարող լինել: Իհարկե, վատ է, բայց վատից վատն էլ կա։
– Իսկ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական սանկցիաներն արդյոք ինքնին կասկածի տակ չե՞ն դնում Մաքսային միությանն անդամակցելու հարցերը: Այսինքն՝ տնտեսապես վատ վիճակում գտնվող Հայաստանին ի՞նչ պետք է տա, վատթարացող տնտեսություն ունեցող պետության հետ տնտեսական միավորումը:
– Իհարկե, մտածելու առիթ կա, բայց նախքան նման հարցին պատասխանելը, նախ, կուզենայի հասկանալ սանկցիաների խորության աստիճանը: Այս պահի դրությամբ ինձ հայտնի չեն այդպիսի սանկցիաներ, որոնք անելանելի վիճակի մեջ են դնում ռուսական տնտեսությունը: Բայց նաև հայտարարվել է, որ հիմնական սանկցիաները կլինեն մարտի 17–ից հետո, երբ որ կլինեն, այն ժամանակ էլ կխոսենք:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: