Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1` «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ.
14 մարտի, 2014
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում փոփոխություններ կատարելու՝ ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որը կոչված է հակազդելու այսպես կոչված «ֆեյք հաշիվներին» (անանուն, կեղծ օգտատերերին), ԶԼՄ-ների և համացանցի ակտիվ օգտատերերի շրջանում լուրջ մտահոգություն է առաջացրել: Մեր համոզմամբ, այդ նախաձեռնությունը ոչ այնքան լուծում է իրական հիմնախնդիրները, որքան՝ նորերն է ստեղծում:
Կոնֆլիկտային այն իրավիճակների գերակշիռ մասը, որոնց կարգավորմանը նպաստելուն են կոչված վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները, կարող են լուծում գտնել ինչպես գործող օրենսդրության, դատական նախադեպերի, ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան մեկնաբանությունների շրջանակներում, այնպես էլ սոցիալական ցանցերում առկա բողոքարկման մեխանիզմներով:
Միևնույն ժամանակ, այս օրենսդրական նախաձեռնությունն իր մեջ խոսքի ազատության, տեղեկատվություն ստանալու և տարածելու` քաղաքացիների իրավունքի իրացման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության համար սպառնալիքներ է պարունակում: Այն ի զորու չի լինելու էական ազդեցություն գործել զրպարտություն, վիրավորանք, մասնավոր կյանքի միջամտություն պարունակող տեղեկատվական հոսքերի վրա: Դրա հետ մեկտեղ, օրենքի փոփոխությունները կկաշկանդեն տեղեկատվական գործընթացների բարեխիղճ մասնակիցներին, համացանցի հայաստանյան օգտատերերին կստիպեն «արտագաղթել» վիրտուալ տիրույթի՝ ազգային իրավազորության ենթակայությունից դուրս սեգմենտներ, պայմաններ կստեղծեն օրենքների ընտրողական կիրառման և քաղաքացիներին սուբյեկտիվ դրդապատճառներով պատասխանատվության ենթարկելու համար:
Թեև օրինագիծը սոցիալական ցանցերի օգտատերերի վարքի կարգավորման հարցում որոշակի կոնկրետացում է մտցնում, սակայն դրա հնարավոր դրական ազդեցությունն անհամաչափ է այն վտանգների հետ, որն օրինագիծը պարունակում է ոչ միայն խոսքի ազատության համար, այլ նաև` Հայաստանում հաղորդակցական տեխնոլոգիաների, հոսթինգային ծառայությունների, ազգային դոմեյնային տիրույթի զարգացման, ժամանակակից բիզնեսի առավել դինամիկ ուղղություններից` էլեկտրոնային կոմերցիայի ոլորտներում ձեռնարկատիրության զարգացման համար:
Կոչ ենք անում.
– օրենսդրական նախաձեռնության հեղինակներին` օրինագիծը հանել շրջանառությունից,
– ՀՀ Ազգային ժողովին` մարտի 31-ին նախատեսված խորհրդարանական լսումները նվիրել համացանցի կարգավորման հայեցակարգային մոտեցումներին, քանզի առանց դրանց՝ օրենսդրական առանձին նախաձեռնություններ չեն կարող արդյունավետ լինել,
– ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանություններին` ժամանակակից հաղորդակցությունների ոլորտին առնչվող օրենսդրությունը ձևավորել բացառապես եվրոպական ինստիտուտների կողմից մշակված և ընդունված նորմերի համատեքստում և դրանց հետ լիակատար համապատասխանությամբ,
– բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին` գիտակցել տեղեկատվական ասպարեզում ինքնակարգավորման կարևորությունը և իրենց ներդրումն ունենալ Հայաստանում դրա մեխանիզմների զարգացման գործում:
Երևանի մամուլի ակումբ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս-Հայաստան)
Տեղեկատվության ազատության կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հանրային լրագրության ակումբ
Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմին
Տեղեկատվական վեճերի խորհուրդ