Քեթի Լիչ. Ճգնաժամ Ղրիմում
«Մենք բոլորս՝ ովքեր մտահոգ են Եվրոպայում խաղաղության համար, ցնցված ենք վերջին երկու շաբաթների ընթացքում Ուկրաինայում կատարվող դեպքերից: Կիրակի օրը Ղրիմում կկայանա հանրաքվե, որում չկա տարբերակ նրանց համար, ովքեր ցանկանում են պահել Ղրիմի կարգավիճակը որպես Ուկրաինայի անփոփոխ մաս: Մարդիկ կարող են քվեարկել միայն Ռուսաստանին միանալու կամ դեֆակտո անկախության օգտին՝ վերադարձնելով 1992 թվականի չգործող սահմանադրությունը:
Ռուսաստանն օժանդակում է հանրաքվեին: Սակայն Մ7, ԵՄ, Անվտանգության Խորհուրդի մյուս անդամները և միջազգային հանրության մեծամասնությունը հստակ արտահայտել է, որ Ղրիմում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն անօրինական է: Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը մարտի 11-ին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը կամ Ղրիմի ինքնավարությանը կամ անկախությանը վերաբերող ցանկացած հանրաքվե պետք է հիմնված լինի Ուկրաինայի սահմանադրության վրա և համապատասխանի միջազգային օրենքին:
Հանրաքվեի անցկացումը նույնպես ամբողջությամբ անօրինական կլինի: Արդյոք կարող է ազատ ու արդար համարվել մի հանրաքվե, որը կազմակերպվում է երկու շաբաթում, երբ փողոցներում կա զինված աշխարհազոր, որին հնարավոր չէ տարբերակել, երբ բռնանում են լրագրողների վրա և առգրավում նրանց սարքերը, երբ խոչնդոտում են միջազգային ներկայացուցիչների մուտքը Ղրիմ և երբ, չնայած ռուսական ժխտումներին, հստակ ապացույց կա, որ ռուսական զորքերը թողել են իրենց բազաները և զբաղեցրել Ղրիմի ենթակառուցվածքները՝ խախտելով Ուկրաինայի ինքինշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև մի շարք երկկողմ ու բազմակողմ համաձայնագրեր:
Որպեսզի հանրաքվեն լինի արդար, կայուն և վերջնականապես լուծի, այլ ոչ թե հարուցի խնդիրներ, այն պետք է դառնա բանակցության ու քննարկման բաց ու ներառական գործընթացի վերջին հանգրվանը: Այն կարող է ծրագրվել միայն, երբ պարզ դառնա, որ բոլոր կողմերը պատրաստ են խաղաղ ընդունել դրա արդյունքը: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է Միացյալ Թագավորությունը պատրաստ Շոտլանդիայի անկախության համար հանրաքվեն անցկացնել այս տարի:
Այն բանից հետո, երբ 20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմներ ավիրեցին Եվրոպան, միջազգային համաձայնագրերի ու կառույցների ցանց ստեղծվեց և 1991թ հետո ուժեղացվեց, որպեսզի այն օգնի մեզ խուսափել կրկնելու անցյալի ցավոտ հակամարտություններն ու խաղաղ ճանապարհով լուծել վեճերը: ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհուրդի նման կազմակերպությունները, որոնց ինտեգրված անդամ է Ռուսաստանը, գոյություն ունեն՝ օգնելու պետություններին բարձրացնել ինքնորոշման հարցեր և պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները:
Մենք շարունակում ենք հորդորել Ռուսաստանին օգտագործել այս կառույցները և լրջորեն ընդգրկվել ուկրաինական կառավարության հետ դիվանագիտական երկխոսության մեջ ու գտնել հարցի խաղաղ լուծում: Դեռ շատ ուշ չէ: Նախագահ Պուտինի համար առաջին կարևոր քայլը կլինի ձեռնպահ մնալ ճանաչելուց կիրակի օրվա քվեարկության արդյունքը»:
ՀՀ-ում ՄԹ դեսպան Քեթի Լիչի բլոգային գրառման տեքստը