Արմեն Գևորգյանը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 61-րդ նիստի աշխատանքներին:
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող մեկ տասնյակից ավելի հարցեր: Մասնավորապես` կքննարկվեն ԱՊՀ մասնակից երկրների տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում տեղեկատվական փոխգործակցության մասին համաձայնագրի, ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրների որոշման կանոնների մասին համաձայնագրում առաջարկվող փոփոխությունների նախագծերը, հաշվետվություններ եւ զեկույցներ կներկայացվեն ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրով 2013 թ. համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի եւ ծրագրի իրականացման 2012-2014թթ. համալիր միջոցառումների, աուդիտորական ծառայությունների շուկայի իրավիճակի եւ աուդիտի միջազգային չափանիշները ԱՊՀ երկրներում կիրառելու մասին: Նիստի մասնակիցները կանդրադառնան ֆինանսաբյուջետային եւ կազմակերպական այլ հարցերի:
Փոխվարչապետը կմասնակցի նաեւ «ԱՊՀ-ն եւ փոխգործակցության նոր ձեւաչափերը» խորագրով միջազգային տնտեսական համաժողովին, որի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության խորացման հարցեր: Մասնավորապես` կքննարկվեն ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի եւ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի իրականացմանը, ԱՊՀ-ում զբոսաշրջության արդյունավետ զարգացմանը, ինտեգրացիոն գործընթացների զարգացման նոր մեխանիզմներին վերաբերող եւ այլ հարցեր:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին