
Մոսկովյան դատարանը երկարաձգել է Հրաչյա Հարությունյանին կալանքի տակ պահելու ժամկետը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև ապրիլի 14-ը երկարաձգել է Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին կալանքի տակ պահելու ժամկետը: Նախորդ տարվա հուլիսի 13-ին Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով զոհվել էր 18 և վիրավորվել էր 40 մարդ:
Բեռնատարը մխրճվել էր երթային ավտոբուսի մեջ, որում գտնվել էր 64 ուղևոր: Դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը, ով ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացի Հարությունյանի նկատմամբ ավելի մեղմ միջոց կիրառելու դեպքում նա կարող է փախուստի դիմել:
Ներկա դրությամբ գործի քննումն ավարտված է, ամբաստանյալը ծանոթացել է հետաքննության նյութերի հետ: Նրա գործը կազմում է 10 հատոր, անցկացվել է 70 փորձաքննություն: