Ոչ իշխանական չորս ուժերը դռնփակ նիստում ոչինչ չեն որոշել

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները, ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում դռնփակ նիստ են անցկացրել: Շուրջ մեկ ժամ տևած հանդիպումը ոչ իշխանական ուժերին փաստորեն չի բավականացրել. նրանք որոշումը չեն հասցրել կայացնել:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ժամանակը չհերիքեց, որ ամբողջությամբ քննարկեինք հարցերը, կշարունակենք նիստը հաջորդ հանդիպմանը. կիսատ մնաց ու հաջորդ անգամ գոնե ճանապարհային քարտեզը կներկայացնենք: Քննարկեցինք այն հարցերը, որոնք կային օրակարգում, նորից խոսք էր գնում ընդհանուր մոտեցումների մասին, այն մասին, որ առաջիկայում քաղաքական, տնտեսական ի՞նչ պլատֆորմ ենք ներկայացնելու կառավարության հրաժարականի հետ կապված և ընդհանրապես քննարկեցինք մեր համաձայնության հարթակը, թե ի՞նչ հարցի շուրջ ենք, ի վերջո, որոշման գալու»:

Ռ. Հակոբյանն ասաց, թե գաղտնիք չէ, որ ոչ իշխանական ուժերի շարքում արմատական իշխանափոխություն պահանջողներ կան: Նրա խոսքով՝ որոշակի կոնսենսուսային հարթության վրա միասնական օրակարգ պետք է ձևավորվի:

Հարցին, թե որքանո՞վ եք մոտ Կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջի իրականացմանը, Ռուբեն Հակոբյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ բավական մոտ ենք»:

Ըստ նրա՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում շտապողականություն դրսևորել պետք չէ, որովհետև բավական լուրջ գործընթացի մասին է խոսքը:

Տեսանյութեր

Լրահոս