Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են իրենց երկաթուղիների միացման հարցը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը դիտարկում են իրենց երկաթուղիների միացման հնարավորությունը: Այս մասին այսօր Վանում տեղի ունեցած երեք երկրների արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նա հայտարարել է, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) և «Նախիջևան-Ջուլֆա-Թավրիզ» երկաթուղիների միացման հարցը (նկատի է առնվում «Կարս-Իգդիր-Նախիջևան» (ԿԻՆ) երկաթուղու կառուցումը – 168.am):
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ այդ նախագծի իրագործումը հնարավորություն կտա ստեղծել «Մետաքսե մեծ» երկաթուղային ճանապարհ և Պեկինից բեռներ փոխադրել մինչև Լոնդոն:
Դավութօղլուն ընդգծել է, որ այդ գործընթացում կարևոր դեր է խաղում Բոսֆորի նեղուցի հատակով անցնող «Մարմարա» երկաթուղային թունելը, որը շահագործման հանձնվեց 2013 թվականի հոկտեմբերի 29-ին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-ամյակ – 168.am):
Նշվում է, որ ԲԹԿ-ի կառուցումը կավարտվի 2015 թվականի կեսին: Սկզբնական փուլում ԲԹԿ-ն ունակ կլինի տարեկան փոխադրել մինչև 1 միլիոն ուղևորի ու 6.5 միլիոն տոննա բեռ: Ավելի ուշ նրա հզորությունը հասցվելու է մինչև տարեկան 17 միլիոն տոննայի: