Հայաստանի ուկրաինական շանսը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Հայաստան-Եվրամիություն Հարաբերություններում վերջին օրերին նկատվող տեղաշարժը համընկավ Ղրիմի ճգնաժամի հետ։ Չնայած տեղաշարժ ասածը մեծ բան չէ. ՀՀ կառավարության և ԵՄ ներկայացուցիչները համատեղ մի քննարկում են կազմակերպել, և որոշել մի քանի ոլորտներ, որտեղ հնարավոր է համագործակցություն։ ԵՄ-ն ներգրավված լինելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների և արդարադատության համակարգի հզորացման, օրենքի գերակայության, պետական կառավարման, մարդու իրավունքների խթանման, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության հզորացման, բիզնեսի և ներդրումային միջավայրի բարելավման ծրագրերում և աջակցելու է Հայասանին՝ հատկացնելով ֆինանսներ և մեթոդական օգնություն։

Սրանք, սակայն, ձախողված ասոցացման համաձայնագրի շորշոփներ են, նախկին իներցիայի արտահայտում, ինչը, այդուհանդերձ, մեծ հաշվով դրական երևույթ պետք է համարել։ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի ցանկացած ներգրավվածություն Հայաստանում դրական է, և հնապավորություն է, որ մենք հակակշռենք միակողմանի կախվածությունը Ռուսաստանից։
Մյուս կողմից սակայն մեկ տարի առաջվա հայացքով նայել ԵՄ-Հայաստան հարաբերություններին, նշանակում է չնկատել այն դրամատիկ փոփոխությունները, որ տեղի են ունենում տարածաշրջանում։ Իրան-Արևմուտք հարաբերությունների ջերմացումը բոլորովին ուրիշ պոտենցիալ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար և ՀՀ արտաքին քաղաքականության առաջ դնում կոնկրետ խնդիրներ։

Եթե Իրան-Արևմուտք հարաբերությունները շարունակեն ընթանալ կարգավորման ուղղությամբ, իսկ ամեն ինչ զարգանում է հենց այդ ուղղությամբ, դա նշանակում է մի շատ կարևոր բան. էներգակիրները գազը, նավթը, նավթամթերքը Իրանից հոսելու են դեպի ԵՄ։ Ընդ որում, ծավալներն այստեղ աստղաբաշխական են լինելու, և այն երկիրը, ով կարողացավ տրանզիտի դերակատարում ստանձնել միլիարդավոր դոլարների եկամուտներ է ունենալու։

Սա բացառիկ շանս է Հայաստանի համար, և որքան էլ գեղեցիկ չհնչի. Ուկրաինական ճգնաժամը մեծացնում է Հայաստանի շանսերը։ Ռուսաստանը, որ սկզբունքորեն դեմ է Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցության խորացմանը, խրվել է Ղրիմում և ըստ ամենայնի, տեսանելի ապագայում շարունակելու է խրված մնալ։

Սա մի կողմից վտանգներ է ստեղծում մեր երկրի համար, մյուս կողմից հնարավորություններ բացում։ Վտանգն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են Ռուսաստանի խառը վիճակից օգտվելու և Ղարաբաղում պրովոկացիաների գնալու շանս տեսնել։ Բայց սա շանս է նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար. նրանք հնարավորություն ունեն ապացուցել, որ կարող են զսպող դեր կատարել տարածաշրջանում և թույլ չտալ Ղարաբաղի հարցի ուժային կարգավորման որևէ փորձ։

Այս իմաստով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքի ակտիվությունը հիմք է տալիս մտածել, որ ամերիկացիները հասկանում են սա, մնում է գործի դնեն կոնկրետ լծակներ։

Ինչ վերաբերվում է Հայաստանի շանսին, այո Ռուսաստանի խառը վիճակից օգտվելուվ մենք պետք է փորձենք Իրանի և ԵՄ-ի հետ Իրան-Հայաստան նոր գազամուղ կառուցելու պայմանավորվածություն ձեռք բերել, որը մեր տարածքով կանցնի Վրաստան, կհասնի սև ծով, սրանից հետո էլ ավելի հեռու։ Այս հարցում մենք կրկնակի շահագրգիռ պետք է լինենք, որովհետև եթե նման մի նախագիծ ստացվի, դա կնվազեցնի Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից, ինչը նոր հորիզոններ կբացի հայ-վրացական համագործակցության համար։

Սա լրջորեն կարող է փոխել Հայաստանի ռազմավարական դիրքը, և մենք արդեն խնդիրներ ունենք, որովհետև վերջին շրջանում Թուրքիան է ակտիվացել և Իրանից իր տարածքով նոր խողովակաշարեր անցկացնելու պայմանավորվածություններ է ձեռք բերում։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս