Հայտնի են դարձել արևմտյան «սև ցուցակում» ընդգրկված ՌԴ-ի քաղաքացիների անունները. EUobserver
EUobserver-ը ներկայացրել է Ռուսաստանի այն քաղաքացիների «սև ցուցակը», որոնց սպառնում են Արևմուտքի պատժամիջոցները՝ կապված Ղրիմում Ռուսաստանի գործողությունների հետ: Ընդգծվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեն հայտնվել դրանում: Սակայն «սև ցուցակում» ընդգրկվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մասնավորապես, վիզային ու տնտեսական պատժամիջոցները կարող են առնչվել Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովին, Սևծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիկտոյին, Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևին, նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
Բացի այդ, տվյալ ցուցակում կարող են ընդգրկվել ռուս հետևյալ ազդեցիկ քաղաքական գործիչները. լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին, Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկով:
Դիտարկվում է նաև «սև ցուցակում» ռուս առանցքային մի շարք գործարարների ու թոփ-մենեջերների ներառումը. «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլեր, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչին և «Ռուսական երկաթուղիների» նախագահ Վլադիմիր Յակունին:
Պարբերականը չի բացառում, որ «սև ցուցակում» կարող են ընդգրկել նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին, Պուտինի ընկեր, «Գիշերային գայլեր» բայքերային ակումբի առաջնորդ, «Վիրաբույժ» մականվամբ հայտնի Ալեքսանդր Զալդոստանովին և ատելի հաղորդավար Դմիտրի Կիսելյովին: