«Մենք որևէ մեկի միսը ուտելու ցանկություն չունենք»
Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե հանդիպումից շատերը «միկրոինֆարկտ» կստանան: ԱԺ ճեպազրույցների ժամին, պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ Լ. Զուրաբյանը, երբ իշխանական թևում պատգամավորները պնդում են, որ իրենց ինքնազգացողությունը լավ է, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատասխանեց, որ հայտարարությունը վերաբերում էր նրանց, «ում հարցրել եք»: «Դուք ճիշտ էիք հասկացել, ճիշտ հասցեով հարցրել էիք, բնականաբար, իրենց արձագանքները հաստատում են այն, որ իրենց համար ստեղծվել է, ստեղծվելու է ավելի դժվար իրավիճակ: Իրենք էլ տեսնում են, որ շատ դժվար իրավիճակներում են հանդիպում»,- նշեց նա:
Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներ են եղել, որոնք չեն մասնակցել քվեարկությանը, մարդիկ «ձև են արել, ինչ-որ բան են ասել, փորձել են անել հակառակը»: Նա նշեց, որ ՀՀԿ-ական պատգամավորները «կոմպլեքս են ապրում», դրսում, իրենց ընկերների հետ այլ բան են խոսում, դահլիճում այլ կերպ են արտահայտվում: Ճշտող հարցին, թե ոչ իշխանական չորս ուժերն այս պահին պահանջո՞ւմ են կառավարության հրաժարականը, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Մենք դեռ չենք պահանջում, որովհետև ձևակերպում դեռ չկա: Այս պահին որպես քայլերից մեկը մենք համարում ենք դա, քանի որ ընդհանուր է չորս քաղաքական ուժերի համար: Դա չի նշանակում, որ որ մենք հիմնական քաղաքական խնդրից շեղվում ենք. Մեր ծրագրային դրւյթը, քաղաքական թիվ մեկ նպատակը իշխանափոխությունն է, Սերժ Սարգսյանի հրաժարականը»:
Հարցին, թե ինչպե՞ս պետք ձևավորվի հաջորդ կառավարությունը, երբ ՀՀԿ-ն մեծամասնություն է խորհրդարանում, նա պատախանեց, թե հարցը կարգավորվում է Սահմանադրությամբ. «Դա իշխանության, Սերժ Սարգսյանի որոշելիք հարցն է, ինչպես իրենք կուզեն՝ կորոշեն: Մեր դիրքորոշուևմը գոնե հստակ է. Տեր-Պետրոսյանը հայտարարել է այս մասին, որ եթե լինի անգամ այդպիսի առաջարկ, ապա ՀԱԿ-ը չի մասնակցի, եթե լինի նոր կառավարություն ձևավորելու խնդիր, ապա ՀԱԿ-ը դրան չի մասնակցի, ինչ առաջարկ էլ որ լինի: Եթե մեր գործընկերները կորոշեն գնալ այդ ճանապարհով, իրենց գործն է, մենք չենք խառնվի: Բայց դա ամենաքիչ ահավանական սցենարն է, որ ես կարող եմ պահանջել»: Հարցին, թե արդյոք ոչ իշխանական չորս ուժերի համախմբումը նպատակ ունի քաղաքական մեծամասնությանը՝ ՀՀԿ-ին ուղարկել քաղաքական աղբանո՞ց, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ոչ, մեր նպատակը որևէ մեկին աղբանոց ուղարկելը չէ, մեր նպատակը ընտրովի իշխանություն ձևավորելն է, մենք չարությամբ չենք լցված, մենք դրական, կառուցողական մոտիվ ունենք, մենք սիրում ենք այս երկիրը: Ինձ համար ամենալուրջ մարտահրավերը արտագաղթն է, հայ ժողովրդին օդ ու ջրի պես անհրաժեշտ են արդար ընտրություններ, լեգիտիմ իշխանություն, որը ուժեղ կլինի ներսում, իմունիտետ կունենա՝ դրսի մարտահրավերներին պայքարելու համար: Մեր մոտեցումը պոզիտիվ է, մենք որևէ մեկի միսը ուտելու ցանկություն չունենք»: