
Երեկ Հրանտ Դինքը, իսկ այսօր Բերքին Էլվանը. Vatan

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի ու «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների 8-րդ զոհ, 15-ամյա Բերքին Էլվանի սպանությունների համար Թուրքիայում առաջին հերթին պատասխանատվությունը կրում է պետությունը:
Թերթը միմյանց հետ համեմատել է այս երկու սպանությունները. «Երկու սպանությունն էլ իրականացվել է հասարակության շերտերի հետապնդման պատճառով: Հրանտը հայ է, իսկ Բերքինը՝ ալավի: Այդ երկու սպանությունների համար էլ առաջին հերթին պատասխանատու է պետությունը: Նրանց երկուսի մարդասպաներն էլ պաշտպանություն են գտնում պետության կողմից»:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 7-ին ստամբուլյան դատարանի որոշմամբ կալանավայրից ազատ արձակվեց Դինքի սպանության կրկնակի դիտարկման գործով առանցքային կասկածյալներից Էրհան Թունջելը: Ինչ վերաբերում է 15-ամյա Բերքին Էլվանին, ապա նա 269 օր կոմայի մեջ գտնվելուց հետո իր մահկանացուն կնքեց մարտի 11-ին:
Դրանից հետո Թուրքիայի 32 նահանգում բախումներ գրանցվեցին ցուցարարների ու ոստիկանության միջև: Դրանց հետևանքով զոհվել է երկու մարդ, կան վիրավորներ, ինչպես նաև հարյուրավոր ձերբակալվածներ: