Երբ կսկենք ադամանդ մշակել՝ ռուսական էժան ալմաստից
Մեր զրուցակիցն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:
– Պրն Եգանյան, անցած տարի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ընթացքում չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո ի՞նչ զարգացումներ են եղել, Ռուսաստանից Հայաստան ադամանդի հումք առաքվե՞լ է, եթե այո` ի՞նչ հիմունքներով են դրանք հատկացվում արտադրողներին:
– Համաձայնագրի ստորագրմամբ նախատեսվեց, որ ադամանդ վերամշակող հայկական ընկերություններին Ռուսաստանից հումք տրամադրվի 6.5%-ով պակաս մաքսատուրքով, այսինքն՝ արտահանման մաքսատուրքը, որ ՌԴ-ն կիրառում է ադամանդի արտահանման ժամանակ, զրոյացվեց: Այդ առումով համաձայնագիրը ստորագրելուց հետո մի շարք աշխատանքներ են իրականացվել, պետք էր ապահովել դրա տեխնիկական կողմը, որովհետև պայմանագրում կան որոշակի պայմաններ, որ մեր ընկերությունները պետք է հումքը բերեն օգտագործեն, ոչ թե վերաարտահանում իրականացնեն, և դրա վերահսկումը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության կողմից: Ներկայումս համապատասխան կարգեր են մշակվում: Համաձայնագրի ստորագրումից հետո բնակցություններ են եղել հումք մատակարարող ռուսական մի քանի կազմակերպությունների հետ, մասնավորապես «Ալռոսայի» և ՌԴ ֆինանսների նախարարությանը կից գործող «Գոխռան» ընկերության հետ: Համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ դեռևս հումք չի ներկրվել:
– Բավականին ժամանակ է անցել պայամանագրի ստորագրումից հետո: Չեն ուշանո՞ւմ արդյոք գործընթացները:
– Տեղական գրեթե բոլոր՝ 10-12 ընկերությունների կողմից պահանջարկն արդեն ձևավորված է, ներկայացվել է ՌԴ ֆինանսների նախարարությանը, որպեսզի ռուսական կողմն էլ իր վաճառքի պրոցեսները կարողանա կարգավորել: Պետք է կարգ լինի, որ մեր պետությունը վերահսկի գործընթացը, որպեսզի վերաարտահանում չլինի: Պայմանագրի նպատակն է եղել, որ մեր ընկերություններն ունենան ավելի մատչելի հումք, կարողանան աշխատել, արտադրել և պատրաստի արտադրանքը վաճառել: Դեռ չենք կարող ասել, թե երբ հումքի առաջին խմբաքանակը կբերվի: Պետության պարտավորությունն այն է, որ ներկայացնի պահանջարկը, ռուսական կողմը պլանավորում է իր անելիքը և ընկերությունները տարվա ընթացքում, կախված իրենց պատվերիներից, կարող են գնալ, բերել՝ առանց 6.5% մաքսատուրք վճարելու:
– Ադամանդի վերամշակումից հետո հայկական ընկերություններն ալմաստները որտե՞ղ կարող են իրացնել, թե՞ պետք է ուղարկեն Ռուսաստան:
– Հումքի վերամշակումից հետո կարող են վաճառել տեղական կազմակերպություններին, երրորդ երկրներին, Ռուսաստան կարող են տանել, յուրաքանչյուր ընկերություն իր բիզնես գործընթացի համաձայն կիրացնի: Հումքը ինքնանպատակ չեն բերելու, մենք չենք բերելու հումքը մշակենք, տանք ռուսական ընկերություններին, կարող ենք ցանկացած երկրի վաճառել: Խնդիրն այն է, որ մենք մեր ընկերությունների համար ապահով ենք մատչելի հումք, տեղական արտադրությունները սկսեն աշխատել, աշխատատեղեր բացվեն, բայց ամեն ընկերություն իր բիզնեսը պետք է մշակի, թե որտեղ է իրացնելու:
– ՄՄ-ին անդամակցությունից հետո հայ ադամանդագործներն ի՞նչ խնդիրներ կարող են ունենալ ոչ ՄՄ անդամ երկրների իրենց գործընկերների հետ, օրինակ` Բելգիայի, Չինաստանի և այլն: Հնարավո՞ր է ինչ-որ սահմանափակումներ լինեն:
– Սահմանափակումներ չկան, դրանք լինելու են միայն երրորդ երկրներից ներկրվող հումքի մասով, որը սահմանափակում չի՝ միայն մաքսատուրքեր կան: Բայց եթե մեր ընկերությունները ունենան ռուսական այս հումքից օգտվելու հնարավորությունը, կարծում եմ, դա խնդիր չի լինի: Ինչ վերաբերում է երրորդ երկրներից ներկրվող հոմքի հետ կապված՝ քանի որ հումքը հիմնականում բերվում, մշակվում և տարվում է դուրս, մեր օրենսդրությոնը թույլ է տալիս նմանատիպ գործարքներ իրականացնել, օրինակ՝ եթե հայկական որևէ ընկերութուն համագործակցում է բելգիական ընկերության հետ, կարող են այնտեղից հումքը բերել «ժամանակվոր ներմուծման» ռեժիմով, որը ենթադրում է, որ մաքսատուրք չկա, հումքը վերամշակում են և պատրաստի արտադրանքը արտահանում:
– Այսինքն, այս ոլորտում մրցակցային դիրքի կորուստ ՀՀ-ն չի՞ ունենա:
– Ոչ, մրցակցային դիրքի կորուստ այս դեպքում չի լինում, հակառակը՝ մրցակցային դիրքերն ավելի լավանում են ադամանդ տաշող ընկերությունների համար, քանի որ մեր ընկերությունները հնարավորություն են ստանում ռուսական հումքից առանց 6.5%-ի օգտվել:
– ՀՀ-ում ոլորտի զարգացումները ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ միտումներ կան:
– Ընդհանուր ոլորտի հետ կապված մենք ունենք բավականին մեծ ներուժ, երևի տեղյակ եք, որ 2011 թ-ից կառավարությունն ընդունել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը, որում ներառված 11 ոլորտներից մեկն ադամանդագործությունն է: Անցած տարի ընդունվեց ադամանդագործության ոլորտային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը: Հաշվի առնելով, որ ոսկեգործության և ժամագործության հետ սերտ առնչություն կա, 3 ոլորտներում էլ նույն խնդիրներն են, մենք գործողությունների 1 միասնական ծրագիր մշակեցինք, որով արդեն միջոցառումներ են իրականացվում: Դրանում կան մի շարք ուղղություններ՝ օրենսդրական բարեփոխումներ, մատչելի հումքի ապահովում, որակի բարելավում, մասնագիտական կադրերի վերապատրատում և այլն, որոնցով տրված են միջոցառումներ և պետությունը, համագործակցելով մասնավոր ընկերությունների հետ, իրականացնում է այդ ծրագիրը: Ես կարծում եմ, որ այդ ծրագրի իրականացումը կնպաստի մեր ընկերությունների զարգացմանը:
Անցած տարի 6.7% աճ է գրանցվել ոլորտում՝ թե´ ադամանդագործության, թե´ ոսկեգործության, բայց 2013 թ-ին ոսկեգործության ոլորտում արտադրության մասով 23 % և արտահանման գծով 30 % աճ է եղել: Ընդհանուր ոսկերչական արտադրանքը 1.5 մլրդ դրամի է արտադրվել և հիմնական մասն արտահանվում է:
– Մինչ այս եղած արտադրական ձեռնարկությունների հզորությունների ո՞ր մասն է օգտագործվել և հիմա ի՞նչ ակնկալիքներ կան:
– 2001 թ-ին բավականին մեծ փոփոխություններ արվեցին ոլորտում և մեծ թափ ստացավ զագացումը, բայց ճգնաժամի պատճառով որոշները լիովին դադարեցրին գործունեությունը, որոշները հզորությունների ծավալը կրճատեցին, որովհետև ամեն դեպքում ադամադնը առաջին անհրաժեշտության ապրանք չէ և ճգնաժամն ավելի մեծ ազդեցություն է ունենում նման ընկերությունների վրա: Ռեսուրս կա, ներուժ կա, ընկերությունները կարող են ավելացնել իրենց հզորությունները: Ի դեպ, հումքի պահանջարկ են ներկայացրել նույնիսկ մինչ այս գործունեությունը ընդհատած ադամանդ վերամշակող ընկերությունները, օրինակ՝ «Շողակնը»:
– ՄՄ-ին անդամակցելուց հետո հնարավո՞ր է, որ երրորդ երկրների ընկերությունները ՀՀ-ում ներդրումներ կատարեն, ընկերություններ բացեն՝ ռուսական հումքից օգտվելու համար:
– Իհարկե, բումի տարիներին օտարերկրյա կապիտալով շատ ընկերություններ բացվեցին, դրանք կաշխուժանան և, հնարավորությունները ճիշտ ներկայացնելու դեպքում, արտասահմանյան ընկերությունների ավելի մեծ հոսք կունենանք, որոնք այստեղ արտադրություն կհիմնեն: Ռուսական հումքից օգտվել կկարողանան ՀՀ-ում հիմնված ընկերությունները՝ անկախ դրանց սեփականատերը ֆրանսիացի է, բելգիացի, ռուս, թե հայ է: Ընդ որում՝ հումքի ծավալի սահմանափակում կամ քվոտավորում չկա, ռուսական կողմն անգամ ավելի նպատակահարմար է համարում, եթե ծավալները լինեն մեծ: