Տղամարդը մեղադրվում է հարբեցող անվանելու ու նախատելու պատճառով մորը սպանելու մեջ
Առաջին ատյանի դատարանում քննվում է մոր սպանության մեջ մեղադրվող տղամարդու դեմ հարուցված քրեական գործը: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա մոր հետ ապրել է նույն բնակարանում, պարբերաբար ոգելից խմիչք օգտագործել ինչի առիթով մոր կողմից արված դիտողությունների պատճառով հաճախակի ծեծի է ենթարկել նրան:
Ըստ մեղաադրանքի՝ նա առավոտյան դուրս է եկել տանից, գործածել ոգելից խմիչք, այնուհետև գնացել տեսակցելու կնոջ խնամքի տակ գտնվող իր որդուն: Սակայն ոգելից խմիչք օգտագործած լինելու պատճառով կինն արգելել է նրան տեսակցել որդուն, ինչից վրդովված տղամարդը վերադարձել է տուն, խանութից գնել օղի, գնացել տուն և մորից պահանջել կերակուր պատրաստել, իսկ ինքը խմել է գնված օղին:
Ըստ մեղադրանքի՝ մայրը ցանկացել է գնալ խանութ ձեթ գնելու նպատակով, որի ժամանակ տղամարդը պահանջել է իր համար օղի գնել, ինչի առիթով Գ.Չիլինգարյանը նախատել է նրան՝ անվանելով հարբեցող: Այդ կապակցությամբ, համաձայն մեղադրանքի, բնակարանի միջացքում տղան ձեռքով հարվածել է մոր դեմքին, ով վայր է ընկել միջանցքը ննջասենյակին միացնող հատվածում և ընկած վիճակում շարունակել նախատել որդուն, ով ծնկներով հենվելով մոր կրծքավանդակի շրջանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շարունակել է բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնել մոր կենսականորեն կարևորագույն օրգանի գլխի շրջանին պատճառած գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման արդյունքում ապօրինաբար կյանքից զրկել մորը:
Տղամարդը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս):