
Աշոտ Տոնոյանից խաբված քաղաքացիները 10 տարի պայքարում են իրենց բնակարաններին տեր կանգնելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի՝ Տոնուսի Աշոտի կողմից խաբված քաղաքացիները երեկ վաղ առավոտյան հավաքվել էին նախագահական առանձնատան մոտ՝ իրենց խնդիրների մասին Սերժ Սարգսյանին տեղեկացնելու: Այդ մարդիկ արդեն 10 տարի է, ինչ պայքարում են իրենց գնած բնակարաններին տեր կանգնելու համար, սակայն ապարդյուն: «Տոնուս» ընկերությունը ոչ նրանց վճարած գումարն է վերադարձնում, ոչ էլ բնակարան է տալիս. դրանք գրավադրված են «Արցախբանկում»: Ու փոխանակ իրավիճակը շտկելուն ուղղված քայլեր կատարվեն, երեկ անմիջապես «դեպքի վայր» հասավ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը՝ մարդկանց այդ հատվածից հեռացնելու անթաքույց մղումով: «Այսինքն՝ մե՞նք ենք մեղավոր, որ այսպես է լուծվել: Պարզ ասեմ՝ ով ստեղ մնաց, իրանցը չեմ լուծելու»,- ահա այսպես սպառնալով Հովսեփյանը խմբված մարդկանց ուղղորդեց դեպի նախագահի նստավայր՝ իր աշխատասենյակ: Սակայն ընդունեց ընդամենը 6 հոգու, որոնք բոլորն էլ դժգոհ դուրս եկան: «Նա մեզ ասեց՝ 1 ամիս սպասեք, բայց մենք չենք ուզում սպասել: Էլ ինչքա՞ն սպասենք: Այսօր արդեն մամուլի ասուլիս ենք անելու: Պետք է պայքարենք»,-«Ժողովուրդ»-ին ասել է Հովսեփյանի աշխատասենյակից դժգոհ դուրս եկած քաղաքացին:
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։