Ֆինանսների նախարարը հասկացել է՝ ինչ էր ուզում «Դեմ եմ»-ը նախարարության դիմաց
Օրերս ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց «Դեմ եմ» նախաձեռնությունն ակցիա իրականացրեց՝ պահանջելով հանդիպում նախարար Դավիթ Սարգսյանի հետ: Սակայն նախարար Դավիթ Սարգսյանն այդպես էլ չէր իջել հանդիպելու նախաձեռնության անդամներին, ինչի արդյունքում ցուցարարները փակել էին փողոցը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Դավիթ Սարգսյանը հայտարարեց, թե նախարարությունը միշտ պատրաստ է ցանկացած հարցի վերաբերյալ պարզաբանում տալ, ինչի մասին մի քանի օր առաջ հայտնել էին ֆինանսների նախարարության շենքի դիմաց ակցիա անցկացնող քաղաքացիներին: Սակայն, նրա խոսքով՝ քաղաքական կուսակցությունների կողմից դրսևորված «որոշ վարքագծի» և քայլերի արդյունքում այն հավաքը, որը եղել է նախարարության շենքի առջև, պարզաբանումներ ստանալու նպատակներ չի հետապնդել:
«Ես նույն այդ օրը Հաշվապահների ասոցացիայում ունեցել եմ հանդիպում հաշվապահների հետ, որոնց շարքերում էին նաև «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչները, և մենք այնտեղ ունեցել ենք շահագրգիռ քննարկումներ, ես ներկայացրել եմ պարզաբանումներ ու համենայնդեպս, այն մտահգությունները, որոնք իրենք էին բարձրացրել ոչ քաղաքական դաշտում, այլ զուտ կուտակային կենսաթոշակային համակարգին ուղղված խնդրին, ես ներկայացրել եմ»,- նշեց նա:
Դավիթ Սարգսյանն ասաց, որ ինքը հասկացել է՝ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին ոչ թե նախարարության կողմից պարզաբանումներ էին հետաքրքրում, այլ՝ «այն ինչ տեղի է ունեցել ֆինանսների նախարարույթան դիմաց»: