Վիճակագիրները հաշվառել են կովերին, խոզերին և մյուս կենդանիներին
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Անասնագլխաքանակի համատարած հաշվառման հանրագումարները» 2014 թ-ի հունվարի 1-ի դրությամբ, որում ներկայացված են գլխաքանակի աճի ցուցանիշների 2 տարբեր տվյալներ՝ հաշվառման ընդհանուր արդյունքների և ճշգրտումների: Ըստ այդմ՝ հաշվառման արդյունքում պարզվել է, որ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ անցած տարվա նոյն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.5%-ով, իսկ ճշգրտումների արդյունքում՝ 1.2%-ով, կովերինը` 2.1%-ով, ճշգրտումների արդյունքում՝ 1.2%-ով, խոզերին նվազել է 3.6%-ով, իսկ ճշգրտումների արդյունքում՝ ավելացել 2.5%-ով, ոչխարներինը և այծերինը` 6.3%-ով, ճշգրտումների արդյունքում՝1.4%-ով:
Նշվում է, որ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ անասնագլխաքանակի ամենամյա համատարած հաշվառումն անց է կացվել հանրապետության բոլոր տնտեսություններում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ): Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների ցուցանիշները հավաքագրվել են վիճակագրական հաշվետվությունների միջոցով: Անասնագլխաքանակի համատարած հաշվառման տվյալների արժանահավատության գնահատման նպատակով 2014թ. հունվար – փետրվարին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հանրապետության բոլոր մարզերի 310 գյուղական բնակավայրերի 10,396 գյուղացիական տնտեսություններում անց են կացվել անասնագլխաքանակի հաշվառման արդյունքների ստուգումներ (ստուգաճշտումներ), որոնց արդյունքում ստացված տվյալներով ճշգրտվել են համատարած հաշվառման արդյունքները: