«Ժառանգությունը» համաձայն է ՀԱԿ-ի հետ` Սերժ Սարգսյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման հարցում

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունեցել հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի և Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի և վարչության անդամ Ավետիս Ավագյանի միջև:

Հանդիպումից հետո Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ԲՀԿ-ի հետ հանդիպմանը խոսակցություն է եղել ոչ իշխանական ուժերի համախմբման շուրջ, և ՀԱԿ-ը ներկայացրել է իր տեսակետը, այն է. «Երկիրը գտնվում է խորը ճգնաժամում, որի միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է և երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը»:

Արդյոք ՀԱԿ-ի այս դիրքորոշման հետ համաձա՞յն են մյուս ընդդիմադիր ուժերը: 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով մեր այս հարցին` «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Դուք գիտեք, որ մենք բազմիցս ենք հայտարարել դրա մասին, և լավ է, որ ՀԱԿ-ը, որը մինչ այժմ ասում էր, թե կառավարության հրաժարականն է առաջնային, հիմա արդեն այլ եզրահանգման է եկել, որ, ամեն դեպքում, առանց արտահերթ իշխանական փոփոխության` արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների հնարավոր չէ: Համակարգային փոփոխությունը միայն այդ դեպքում կարող է տեղի ունենալ»:

Ճշտմանը, թե այսինքն՝ «Ժառանգությունը» և՞ս կողմ է Սերժ Սարգսյանի հրաժարականին, մեր զրուցակիցը պատասխանեց` «Այո»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս