Նիկոլ Փաշինյան. Հայաստանում վարվում է Հանրային հեռուստատեսության նսեմացելու քաղաքականություն

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Գովազդի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ասաց, թե մի կողմից իշխանությունները թույլ են տալիս, որ եթերում օղու գովազդ հեռարձակվի, մյուս կողմից՝ հանրային հեռուստատեսությանն արգելում են որևէ գովազդ հեռարձակի՝ հիմնավորելով դա որպես Հանրային հեռուստատեսության  առավելություն մյուս մասնավոր հեռուստատեսությունների նկատմամբ:

«Այսօր Հայաստանում կան մարդիկ, որ անձնական 4 հեռուստատեսություն ունեն և մասնավորապես՝ Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանը: Այսինքն՝ այս հանրությունը պատշաճ մակարդակով մի հատ հեռուստատեսություն պահելու իրավունք չունի, իսկ մյուսները 4-5 հեռուստատեսություն պահելու իրավունք ունեն: Ես ինչու եմ այս շեշտադրումները անում, քանի որ այս պրոցեսների մեջ ես տեսնում եմ հստակ քաղաքական ենթատեքստ, որին իմ ելույթում կանդրադառնամ, բայց նկատելի է, որ վերջին տարիներին Հայաստանում վարվում է Հանրային հեռուստատեսության նսեմացելու քաղաքականություն: Դուք ձեր ելույթում ասացիք, որ Չեմպիոնների լիգան ցուցադրում է Հանրային հեռուստատեսությունը, բայց երևի չեք նկատել, որ Չեմպիոնների լիգան հանրայինով այլևս եթեր չի հեռարձակվում, այլ եթեր է հեռարձակվում քիչ առաջ իմ կողմից մատնանշված անձի հեռուստատեսությունում»,- նշեց նա:

ՀԱԿ պատգամավորն ասաց, թե ամեն ինչ արվում է, որ Հանրային հեռուստատեսությունը դադարի լինել հանրային ինֆորմացին միջոց և ամեն ինչ արվում է, որ ինֆորմացիոն կոմունիկացիաները կենտրոնանան Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների, մասնավորապես Միքայել Մինասյանի ձեռքում:

«Արդյոք դուք այստեղ չեք նկատո՞ւմ հակասություններ կառավարության վարած քաղաքականության մեջ»,- Արդարադատության նախարարին հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան Հրայր Թովմասյանն ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանը «Գովազդի մասին» օրենքի տակ քաղաքական ենթատեքստ է տեսնում, ապա դա ոչ ոք չի թաքցնում, քանի որ քաղաքականություն է՝ Հանրային հեռուստատեսությունը ձերբազատել և անկախ դարձրել գովազդատուներից: Նա նշեց, որ եթե իրենք այսօր են այս օրենքի հարցը բարձրացրել, ուրեմն հիմա են հարմար գտել. «Իսկ պատգամավորի բերած «գուշակություններին ես չեմ տիրապետում»,- ասաց նախարարը:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ հանրային բնույթը պապանելու համար պետք է Հանրային հեռուստատեսությանը ազատել գովազդատուներից:

Նիկոլ Փաշինյանը էլ արձագանքեց՝ ասելով, որ Հանրային հեռուստաընկերությունն արդեն երկար տարիներ է՝ դե ֆակտո դադարել է Հանրային հեռուստատեսություն լինելուց և հանդիսանում է գործիք իշխանության ձեռքին: ՀԱԿ պատգամավորն ասաց, թե այս օրենքի արդյունքում, պաշտոնական տվյալներով, ամեն տարի 1.5 միլիարդ դրամի գովազդային գումար է գոյանում, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 4 միլիարդի:

«Այս գումարների 90%-ը մտնում են Միքայել Մինասյանի սեփականություն հանդիսացող հեռուստաընկերություններ: Սա փաստ է, որը Դուք չեք կարող հերքել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս