Ստեղծվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խումբ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել: Վերջինը կմշակի և մինչև 2014 թվականի ապրիլի 10-ը ՀՀ արդարադատության նախարարին կներկայացնի ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը, իսկ մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը՝ նոր օրենսգրքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Աշխատանքային խումբը կմասնակցի Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի դրույթների վերաբերյալ մասնագիտական և հանրային քննարկումներին, կուսումնասիրի շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) առաջարկությունները Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի վերաբերյալ, կքննարկի այդ առաջարկությունները նշված փաստաթղթերում ներառելու նպատակահարմարությունը:
Նախագիծը Կառավարության կողմից Ազգային Ժողով ուղարկելուց հետո աշխատանքային խումբը կմասնակցի նաև ԱԺ-ում կազմակերպվող քննարկումներին, այդ թվում՝ ներկայացնելով նախագծի դրույթները և դրանց հիմնավորումները:
Աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ մարմիններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին կտրամադրի մասնագիտական բնույթի վերլուծություններ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի դրույթների վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարի հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրության 4.1-րդ կետը: