Ստոպ նարկոտիկս, ստոպ. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակը» գրում է. Մեր տնտեսության արդի վիճակը կարեկցանքից բացի այլ զգացմունքներ չի առաջացնում։ Նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել էր ընդամենը 1.8 տոկոս։ Ինչպիսին կլինեն փետրվարի տվյալները, դեռ հայտնի չէ, բայց որ ոչ մի լավ բան սպասել պետք չէ, դա հաստատ։ Եվ այս պնդումը կարող է հիմնավորվել մեր ֆինանսական շուկայում արձանագրվող իրադարձություններով։
ՀՀ կենտրոնական բանկը մեր ֆինանսական շուկան «նստացրել է» իր կողմից իրականացվող արտարժութային ներարկումների «ասեղի» վրա։ Անցած շաբաթ ԿԲ– ն դրամի արժեզրկումը կանխելու նպատակով շուկա է ներարկել 35 միլիոն դոլար։ Ուշագրավն այն, է, որ ՀՀ ֆոնդային բորսայում անցած շաբաթվա ընթացքում իրականացվել է ընդհանուր առմամբ 38.5 միլիոն դոլարի գործարք, որից 35 միլիոնը, կամ 90 տոկոսը ԿԲ-ի վաճառած կանխիկ արտարժույթն է։ Համեմատության համար նշենք, որ նախանցած շաբաթ բորսայում իրականացվել է 34 միլիոն 600 հազար դոլարի գործարք, որից 24 միլիոն դոլարը, կամ 70 տոկոսն է եղել ԿԲ-ի մասնաբաժինը։ Այլ կերպ ասած, շուկայում տեղի է ունենում ԿԲ-ի դերի կտրուկ բարձրացում՝ խոսքիս ամենաբացասական իմաստով։ Շուկայում արտարժույթի նկատմամբ պահանջարկը սկսում է բավարարել բացառապես ԿԲ-ն՝ մեր երկրի արտաքին պահուստների հաշվին։ Վերջին 5 շաբաթների ընթացքում ԿԲ-ն արդեն վաճառել է մոտ 100 միլիոն դոլար։ Ամենամտահոգիչն այն է, որ ԿԲ-ն գնալով մեծացնում է «դոզան»։ Թե ինչ է լինում դրա արդյունքում, հայտնի է 5 տարի առաջ այս օրերին տեղի ունեցածի հետեւանքներից։ 2009-ին էլ ԿԲ-ն որոշել էր, որ պետք Է ֆինանսական կայունության պատրանք ստեղծի, ու էլի հսկայական ծավալներով դոլարներ էր նետում շուկա։ Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ մարտի 3–ին շուկան պայթեց, դրամը փլուզվեց ու այդ տարի պաշտոնապես Հայաստանը արձանագրեց 15 տոկոս տնտեսական անկում։
Շարունակությունը՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։