Ինչու հետաձգվեց «Նաիրիտ գործարանը» սնանկ ճանաչելու գործով դատական նիստը
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ քննվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու գործով դատական նիստը երեկ կրկին հետաձգվեց:
Նիստի հետաձգման համար միջնորդություն է ներկայացրել հայցվոր կողմը, որը չի ներկայացել նիստին: «SandbadTir INTL Transport Co.LTD» իրանական ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը 168.am-ին տեղեկացրեց, որ ինքը միջնորդել է հետաձգել դատը, քանի որ ներկայումս իր վստահորդի և «Նաիրիտ» գործարանի միջև բանակցություններ են ընթանում` պարտքը մարելու ուղղությամբ:
Ըստ նրա` հնարավոր է` դատական հայցի պահանջը փոխվի, այսինքն` գործարանը սնանկ ճանաչելու փոխարեն` պահանջեն գույքի բռնագանձում: Խաչիկյանը հայտնեց, որ պարտքի մայր գումարը կազմում է մոտ 30 հազար դոլար` հավելած տույժերը, բանկային տոկոսադրույքներն ու կրած վնասի փոխհատուցումը. 2007 թվականից «Նաիրիտը» չի մատակարարել կաուստիկ սոդա:
Վ. Խաչիկյանը նշեց, որ այժմ Իրանում Նոր տարի է՝ Նովրուզը, և տոներից հետո հնարավոր է՝ «SandbadTir INTL Transport Co.LTD»-ի նախագահը, ժամանի Երևան, քանի որ ցանկանում է անձամբ մասնակցել դատական նիստին: