«Ռոսկոսմոս»-ը Հայաստանում ուսումնասիրություններ կիրականացնի

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակությանը՝ Սերգեյ Սերեդինի գլխավորությամբ:

Ինչպես փոխանցում է ԱԱԽ լրատվական ծառայությունը, «Ռոսկոսմոս»  գործակալությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնել տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման և հանրապետությունում այդ ոլորտի առկա ներուժի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ:

ԱԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, որը կարող է արդյունավետորեն օգտագործվել տիեզերական ուսումնասիրությունների, հայտնագործությունների և ճյուղային արտադրության զարգացման ոլորտում: Նա աշխատանքային խմբին տեղեկացրել է, որ Հայաստանում առկա են ձեռնարկություններ, որոնք կարող են ռուսաստանյան ձեռնարկություններին մատակարարել տիեզերագնացության մեջ օգտագործվող ռադիոէլեկտրական սարքավորումներ:

«Ռոսկոսմոս»-ի ներկայացուցիչները արդյունավետ են գնահատել համագործակցության հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել առաջիկայում հայկական ձեռնարկությունների հետ ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:

Արթուր Բաղդասարյանն ու Սերգեյ Սերեդինը անդրադարձել են տիեզերական ոլորտում Հայաստանի և Ռուսատանի միջև համագործակցության` ՀՀ ձեռնարկությունների և «Ռոսկոսմոս»-ի միջև համատեղ հնարավոր ծրագրերի իրականացմանն առնչվող այլ հարցերի ևս:

Աշխատանքային խմբի անդամները հանդիպումներ են նախատեսում Բյուրականի աստղադիտարանում, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների հետ:

ԱԱԽ քարտուղարի հրավերով առաջիկայում նախատեսվում է նաև «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Օլեգ Օստապենկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

 

Տեսանյութեր

Լրահոս