
Կախա Կալաձեն նշանակվել է ՏԻՄ ընտրություններում «Վրացական երազանքի» ընտրական շտաբի ղեկավար

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն հաստատվել է իշխող «Վրացական երազանք» դաշինքի ընտրական շտաբի ղեկավարի պաշտոնում: Կալաձեն այդ պաշտոնում նշանակվել է դաշինքի Քաղխորհրդի նիստում:
Կալաձեն մոտ օրերս կներկայացնի հունիսի 15-ին պլանավորված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքական միավորման նախապատրաստական աշխատանքների գրաֆիկը:
Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ին երրորդ ու վերջնական ընթերցմամբ հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք առնչվում են ՏԻՄ ընտրություններին:
Այդ ուղղումները Վրաստանի 12 խոշոր քաղաքներում քաղաքապետի, բոլոր շրջանների վարչակազմի ղեկավարների ու ինքնաղեկավարմարման մարմինների (սաքրեբուլո) ղեկավարների ընտրման համար նախատեսում են ուղիղ ճանապարհով քվեարկություն: Ցայժմ ուղիղ քվեարկությամբ ընտրվում էր միայն Թբիլիսիի քաղաքապետը: Վրաստանում ՏԻՄ-ի նախորդ ընտրություններն անցկացվել են 2010 թվականի մայիսի 21-ին: