Բաժիններ՝

«Գազպրոմը» սպառնացել է դադարեցնել Ուկրաինային ռուսական գազի մատակարարումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ռուսական գազի մատակարարումների դիմաց ուկրաինական «Նավթոգազ» ընկերության մոտ գոյացած պարտքը հասել է մինչև 1.89 միլիարդ դոլարի: Այս մասին հայտարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը.

«Դա փաստացիորեն նշանակում է, որ Ուկրաինան դադարել է գազի համար վճարումներ անելուց: Դա ամբողջովին հակասում է պայմանագրի դրույթներին ու միջազգային առևտրային պրակտիկային: Մենք մեր կողմից մշտապես կատարել ենք և կատարելու ենք մեր պայմանագրային պարտավորությունները:

Սակայն մենք չենք կարող անվճար գազ մատակարարել: Կա՛մ Ուկրաինան պետք է մարի պարտքը, կա՛մ էլ ի հայտ է գալիս 2009 թվականի սկզբի իրավիճակին վերադառնալու ռիսկ: Ստեղծված իրավիճակի մասին իրազեկելու ենք Ռուսաստանի Դաշնության կառավարությանը:

Այսօր՝ մարտի 7-ին, սպառվում է փետրվարին Ուկրաինային մատակարարած գազի համար վճարում անելու վերջնաժամկետը: «Գազպրոմը» գումար չի ստացել: Հաշվի առնելով զեղչը, որը գործում է առաջին եռամսյակում, գազային պարտքի ծավալը զգալիորեն աճել է և կազմել է 1 միլիարդ ու 890 միլիոն դոլար»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ «Գազպրոմը» այս տարվա ապրիլից չեղյալ է հայտարարում Ուկրաինայի համար արած գազային զեղչը: 2013 թվականի վերջին «Գազպրոմը» Ուկրաինայի համար հազար խորանարդ մետր ռուսական գազի գինը ավելի քան 400 դոլարից նվազեցրել էր մինչև 268.5 դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս