«Գազպրոմը» չեղյալ է հայտարարել Ուկրաինայի համար արած գազային զեղչը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմը» այս տարվա ապրիլից չեղյալ է հայտարարում Ուկրաինայի համար արած գազային զեղչը: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:
Վերջինիս խոսքերով՝ ուկրաինական կողմը «Գազպրոմին» իրազեկել է, որ չի կարող ամբողջովին վճարել փետրավարյան մատակարարումների դիմաց: Բացի այդ, Ուկրաինան նախորդ տարվա մատակարարումներից գոյացած պարտքը վճարել է կեսից էլ քիչ չափով:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նման պայմաններում գազային արտոնությունների չեղյալ հայտարարումը համարել է ճիշտ որոշում: Նա Ֆինանսների նախարարությանը կարգադրել է դիտարկել Կիևին 2-3 միլիարդ դոլարի հատկացումը՝ վառելիքի մատակարարման դիմաց վճարելու համար:
Մեդվեդևի խոսքերով՝ «Գազպրոմը» պետք է հասնի Ուկրաինայի կողմից ողջ պարտքի մարմանը: Ներկա դրությամբ այն կազմում է 1 միլիարդ և 529 միլիոն դոլար: 2013 թվականի վերջին «Գազպրոմը» Ուկրաինայի համար հազար խորանարդ մետր գազի գինը ավելի քան 400 դոլարից նվազեցրել էր մինչև 268.5 դոլարի: