
Կաթնամթերքը փորձում են աննկատ թանկացնել

Վերջին ժամանակաշրջանում բազմիցս խոսվում էր կաթնամթերքի շուկայում սպասվող անխուսափելի թանկացումների մասին: Եվ ահա կարծես գործընթացը խոսակցությունների փուլից անցել է կիրառական փուլին, սակայն այնպես, որ գրեթե աննկատ մնա սպառողների կողմից: Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը՝ նշելով, որ առաջին գնաճն արդեն գրանցվել է «Մարիաննա» ընկերության կողմից: 500 գրամանոց մածունի փոխարեն նույն գնով իրացման ցանց է դուրս գալիս 450 գրամանոց, իսկ 450 գրամանոց թթվասերի փոխարեն, կրկին նույն գնով` 400 գրամանոց արտադրանք: Սպառողները երկար տարիներ օգտագործելով արտադրանքը և այլևս ուշադրություն չդարձնելով ֆիքսված քաշին` վճարում են նույն գինը` չնկատելով ավելի քան 10 տոկոս թանկացումը:
Կազմակերպության կողմից այսօր առավոտյան դիտարկվել է կաթնամթերքի շուկան, առաջին հայացքի, կարծես, դեռևս նոր թանկացումներ չկան: Կազմակերպությունը հանդես կգա առավել համապարփակ հայտարարությամբ ուսումնասիրությունների ավարտից հետո: Իսկ մինչ այդ քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել զգոնություն և ուշադիր լինել ինչպես գնի, այնպես էլ քաշի նկատմամբ: