Աշոտ Մանուչարյանի առաջարկը` «ղարաբաղյան կլանին»
«Մեզ պետք է ոչ միայն իշխանափոխություն, այլև մեզ պետք է վստահություն ձեռք բերել»,- այսօրվա ասուլիսում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` խոսելով մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքի, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի և դրանում Տեր-Պետրոսյանի որոշակի ուղերձների մասին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն անշրջելի է», ինչը լրագրողներից մեկն իր հարցադրման մեջ գնահատեց որպես ուղերձ Ռուսաստանին:
«Տեր-Պետրոսյանը միայն ռուսների հետ չէր խոսում, թեև ասացի` այսօրվա իրողության մեջ պետք է կարողանաս բոլորի հետ խոսել: Բայց ոչ այնքան կարևոր էր Տեր-Պետրոսյանի առաջարկը… Ավելի շատ հաշվի է նստում ստեղծված իրողությունների հետ, որ կա այս ուժը, այս ուժը, այն ուժը, իսկ այդ ուժերն ունեն խայտառակ որակներ:
Մեզ պետք է ոչ միայն իշխանափոխություն, մեզ պետք են շատ ավելի կարևոր այլ որակներ, մեզ պետք է վստահություն ձեռք բերել: Այսինքն` ինձ շատ ավելի մոտ են իշխանափոխության այն բանաձևերը, որ վերջերս հրապարակեցին, մի կողմից, ազատամարտիկները, մյուս կողմից` սփյուռքը: Ազատամարտիկներն ասացին` պետք է ստեղծել ժողովրդական վստահության կառավարություն: Ինչո՞վ է սա տարբերվում այն առաջարկներից, որ արեցին Տեր-Պետրոսյանը կամ մյուսները, դա պետք է լինի ոչ թե գործող կուսակցությունների կոալիցիա, այլ այն մարդկանց համախումբ, ում ժողովուրդը վստահում է, ովքեր ազնիվ են, նվիրված, մասնագետ:
Մեզ օդի ու ջրի պես պետք է այդպիսի վիճակ, որովհետև մեզ պետք է ոչ միայն կոմպետենտ կառավարություն կազմել, այլ ժողովուրդը պետք է համախմբվի, որ կարողանանք դիմակայել այս բոլոր վտանգներին: Իսկ սփյուռքից երեկ հնչեց Հնչակյան կուսակցության առաջարկությունը, որ պետք է ստեղծել ազգային միասնական կառավարություն, դա նշանակում է` օգտագործել ողջ հայության ներուժը` ստեղծելու այդպիսի կառավարություն, ինչն իր հերթին թույլ կտա կենտրոնացնել ազգային ներուժը: Սա այն առաջարկն է, որը հիմա բաց կերպով պետք է արվի նաև (ղարաբաղյան,-Ա.Ս.) կլանին, և ես օգտվում եմ այս առիթից:
Սա բաց առաջարկ է կլանին: Երևի 2003 թվականին սխալ թույլ տվեցի, նրանց հետ զրույցները փակ բնույթ էին կրում, այդ պատճառով` ավարտվեց հայտնի իրադարձություններով, նրանք մարդասպանների կառավարվող խմբեր ունեն, հարձակումներ են կազմակերպում և այլն: Հիմա առաջարկը բաց է` նրանք պետք է հեռանան, և փոխարինվի ազգային միասնական կառավարությունով»,- հայտարարեց Աշոտ Մանուչարյանը:
Հարցադրմանը` ինչո՞ւ պետք է կլանը հեռանա, եթե, ըստ ասուլիսի բանախոսի, չի կարելի բախումներ հրահրել, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. «Եկեք չխանենք: Ես միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, ամբողջականանա և համախմբվի այդ ժողովրդական վստահության կառավարության շուրջ: Այսինքն` ժողովրդի` ոտքի կանգնելը պարտադիր է, ժողովուրդը անգամ մեկ վայրկյան չի ուզում տանել գոյություն ունեցող իշխանությունը, բոլորս շատ լավ գիտենք:
Եվ սրանք մեկը մյուսին չեն հակասում: Պարզապես պետք է արգելափակվի ցնցումային զարգացումը, ժողովուրդը պետք է պահանջի և ձևավորի այդպիսի իշխանություն, կլանն էլ ճիշտ կանի, որ դրան գնա ընդառաջ, դրանով կմեղմացնի ժողովրդի աչքում իր մասին գնահատականները»:
Հիշեցնենք, որ նախորդ ասուլիսում Աշոտ Մանուչարյանը հայտարարել էր, թե «ղարաբաղյան կլանը» որքան հնարավոր է` շուտ պետք է հեռանա: