Թուրքիայում կարող են արգելափակել You Tube-ի և Facebook-ի կայքերը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կարող է անհրաժեշտության դեպքում երկրում արգելափակել You Tube վիդեոհոսթինգի և Facebook սոցցանցի կայքերը:
Էրդողանին նման քայլի գնալուն կարող են դրդել վերջին շրջանում Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած գաղտնալսումները, որոնք լայնորեն տարածվել են You Tube-ում և Facebook-ում: Այդ ձայնագրությունները մեծ գլխացավանք են դարձել Էրդողանի համար: You Tube-ի և Facebook-ի արգելափակումը Թուրքիայում կարող է իրականացվել մարտի 30-ին պլանավորված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունից հետո:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Թուրքիայի կառավարությունը մշակում է հատուկ միջոցների փաթեթ՝ երկրում Գյուլենի համակիրների դեմ պայքարելու համար: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը չի բացառել, որ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի նկատմամբ կարող է հայտարարվել միջազգային հետախուզում: