Բաժիններ՝

Վաճառողները դժգոհում են. «Էլ ի՞նչ շուկա՝ առանց գնորդի» (լուսանկարներ)

Կայարանի շուկան է: Աշխուժություն չի նկատվում: Մոտենում եմ վաճառողներին և փորձում ճշտել, թե առևտուրն ինչպես է ընթանում:
Մեկ շաբաթ է, ինչ տիկին Օֆիկը բանջարեղեն է վաճառում շուկայում, բայց արդեն իսկ առևտուրը հույս չի ներշնչում. «Երբ կեռասն ու բալը հասնեն, այդ ժամանակ առևտուր կլինի, իսկ հիմա վատ սեզոն է: Եթե մեր երեխաները չօգնեն` ուղղակի կորած ենք: 60 տարեկան կին եմ, բայց ոչ թոշակ եմ ստանում, ոչ էլ աշխատանք ունեմ: Ո՞ւմ են պետք այս ղեկավարները: Չունենանք` ավելի լավ է: Բա 60 տարեկան կինը կգա-կնստի այստե՞ղ: Իմ սկեսուրը 45 տարեկանից թոշակ էր ստանում, աղայի պես ապրում էինք»:

Shuka-Mariam (4)

Shuka-Mariam (3)

Shuka-Mariam (7)

Կարդացեք նաև

Այն հարցին, թե մասնագիտությամբ բուժքույր տիկին Օֆիկն ինչո՞ւ իր մասնագիտությամբ կամ այլ գործով չի զբաղվում, պատասխանում է. «Ինձ ո՞վ պիտի ընդունի աշխատանքի, նույնիսկ` որպես աման լվացող չեն ընդունի: Վազող տողով գրում են` 25-40 տարեկաններ են պահանջվում այսինչ աշխատանքի համար: Մեր տարիքի մարդիկ կամ պիտի մեռնեն, կամ էլ… չգիտեմ: Տղայիս հետ եմ ապրում, եթե ինքն էլ չլիներ, ես սոված կմնայի: Այսպես գոնե հացի փող եմ աշխատում, բայց մինչև հասնում եմ տուն, գումարը վերջանում է: 4 տարեկան թոռնիկս ամեն առավոտ ասում է.

«Տատիկ, չես մոռանա, չէ՞, ինձ բրդուճ կբերես»: Ասում եմ` հա, բալաս, անպայման»:

Shuka-Mariam (8)

Shuka-Mariam (9)

Shuka-Mariam (10)

Տիկին Օֆիկի խոսքն ընդհատում է նրան կից նստած վաճառողուհին. «Շատ եմ վրդովված մեր ղեկավարության քայլերից: Շուկաները, կրպակները քանդում են, թողնում մարդկանց առանց ապրուստի միջոցի: Այսքան մարդկանց փողոց գցել կլինի՞: Ժողովուրդը շատ վատ վիճակի մեջ է, այդքան գումար որ գրպանում են, ի՞նչ են անելու»:
Լիմոն, խաղող վաճառող Վոլոդյա պապիկը մտահոգված է. «Առևտուր հիմա բացարձակ չկա: Վնասով ենք աշխատում: Հաճախ էլ մեծ մասը տանում-թափում ենք: Էլ ի՞նչ շուկա` առանց գնորդի»:

Shuka-Mariam (11)

Շուկայում կային նաև պանիր վաճառողներ, ովքեր ևս դժգոհեցին և հայտնեցին, որ ինչ գները բարձրացել են` նվազել են գնողները, և իրենք գրեթե շահույթ չեն ունենում:
«Գոհ ենք, շատ գոհ ենք: Մի ժամ է` պարապ նստած սպասում ենք, թե ո՞վ կգա կարտոֆիլ առնի, որ մեր երեխեքին հաց առնենք-տանենք: Ամերիկայից փող են ուղարկում, որ ապրենք»,- անկեղծացավ բանջարեղեն վաճառողներից մեկը:

Լուսանկարները` ՄԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս