Հովիկ Աբրահամյան. Ես չէի կարող կրակի վրա բենզին լցնել, ի՞նչ անեի, ես ընտանիքի մասին խոսե՞լ եմ, ինչի՞ եք շանտաժ անում

Գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ, ինչպես տեղեկացրել ենք, ֆերմեր Ռաֆիկ Պողոսյանի ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջև լուրջ լեզվակռիվ տեղի ունեցավ: Հովիկ Աբրահամյանը նույնիսկ սպառնաց գյուղացուն:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը, սակայն, չհամաձայնեց, թե իր խոսքում սպառնալիք կար: «Ձեր մտահոգությունը ինձ մտադրություն չհամարեք: Ես բան չունեմ որևէ մեկին սպառնալու, ես նույնիսկ ԱԺ-ում, երբ մարդիկ ինձ սպառնում են, նրանց շատ ուրախ, շատ զվարթ պատասխանում եմ: Ես չէի կարող կրակի վրա բենզին լցնել, ի՞նչ անեի, ես ընտանիքի մասին խոսե՞լ եմ, ինչի՞ եք շանտաժ անում»,- ասաց նա:

Ապա խորհրդարանական սենյակ մտավ գյուղացի Ռաֆիկ Պետրոսյանը, ում Հ. Աբրահամյանը սպառնացել էր: ԱԺ նախագահը լրագրողների ներկայությամբ նրան իր մոտ կանչեց: «Դե հիմա ասա՝ ես որևէ մեկին ահաբեկե՞լ եմ»,- գյուղացուն հարցրեց Աբրահամյանը: Նա բացասական պատասխան տվեց:

Լրագրողների դիտարկմանը, թե՝ Ձեր ներկայությամբ ֆերմերը դրական պատասխան չէր տա, ԱԺ նախագահն այսպես արձագանքեց. «Ո՞նց կասի՝ ոչ, բա կարող ա՞ ինձանից վախենում է։ Ես չուզեցի, որ գյուղնախարարի ու իրա մեջ լարվածություն լինի, ինքը նախարարին վիրավորեց, ինքը իրավունք չունի նախարարին ասի՝ ստում ես, տենց բան ո՞նց կարելի է ասել»։

Կարդացեք նաև

Ֆերմերը շարունակեց պնդել, որ սերմերն անորակ են, բացեց ձեռքում եղած թղթերը, դրանք ցույց տվեց Հ. Աբրահամյանին՝ ասելով. «Պարոն Աբրահամյան, ախր օրենքներ է խախտվել, հեն ա՝ պարոն Գրիգորյանը գիտի, լիքը մարդ բերք չի ստացել»:

Բանավեճին ներկա էր նաև Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ում Հովիկ Աբրահամյանը նախ դիտողություն արեց՝ ասելով՝ «Հլա ձեռներդ գրպանիցդ հանի՛», ապա խնդրեց պարզաբանել գյուղացու խոսքերը:

«250 ֆերմեր սերմ է ստացել, իսկ ֆերմերներին ընտրել է Գյուղնախարարությունը»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

ԱԺ նախագահն ընդհատեց. «Պատճառն ինչ ա՞, Հրաչ, պատճառը»։

«Հստակ ասե՞մ»,- հարցրեց Բերբերյանը։

«Հա՛, հստակ, ճիշտ, ազնիվ ասա, մենք էս մարդկանց ի՞նչ ունենք խաբելու»,- պատասխանեց ԱԺ նախագահը:

«Իմ գիտելիքներով՝ սերմից ա»,- գյուղացիների վարկածը հաստատեց Հ. Բերբերյանը։

Հովիկ Աբրահամյանը խոստացավ, թե անպայման փորձելու է խնդրին լուծում տալ, հասկանալ պատճառը, ապա ասաց, թե ամբողջ պատմությունից մի բան չի հասկանում. «Գյուղնախարարը ինչո՞ւ չի ուզում վճարի, հո իրա գրպանից չի՞ վճարում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս