Թեժ բանավեճ ԱԺ-ում. Հովիկ Աբրահամյանը՝ ֆերմերին. «Հլը մոտիկ արի, բերանդ բացել՝ կանգնել ես, այ ժուլիկ» (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում գյուղատնտեսության հարցերով կազմակերպված լսումները վերածվեցին թեժ բանավեճի: Լսումներին մասնակցող ֆերմերները, ովքեր տուժել են Կառավարության սերմնաբուծության ծրագրից, բանավեճի բռնվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Արարատի մարզից ժամանած ֆերմեր Արտյոմ Վարդանյանը հայտարարեց, որ 2011-2012 թվականներից մասնակցել է Կառավարության սերմնաբուծության ծրագրին և տեղյակ է, որ ծրագրի մասնակից 107 ֆերմեր այժմ դատական գործընթացի մեջ է:
«Հիմա ուզում եմ իմանալ՝ ծրագիրը կայացա՞ծ է, թե՞ ոչ: Ես էլ նույն ձևի դատի տակ եմ»,- հարցրեց նա:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատասխանեց, որ եթե նա ցանկանում է ծրագրի մասին խոսել, ապա ինքն արդեն ներկայացրել է ծրագրի արդյունավետությունը, հավաստիացրել, որ իրենք բարձր արդյունքներ են ապահովել:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միջամտեց՝ նախարարին ասելով. «Պարոն Կարապետյան, հարցը հասկացա՞ր՝ ինչ ա ուզում, ես չհասկացա»:
Արտյոմ Վարդանյանը պատմեց, որ մասնակցել է Կառավարության ծրագրին, 21 հեկտար ցորեն է ցանել, բայց ինքն ու իր նման 107 հոգի այս տարի բերք չեն ստացել: «Անկախ հանձնաժողով կազմեցին, եկավ, ասաց՝ եղանակը ֆորսմաժոր ա, անբարենպաստ ա եղել, ու էդ արդյունքում՝ մեկ էլ նշեցին, որ կարող է սերմերի ոչ ճիշտ ընտրության հարցը լինել, վերջը, հանձնաժողովը գնաց, արդյունքում՝ մեզ դատի են տվել:
Էս պահի դրությամբ դատի տակ ենք, ամբողջ ունեցվածքը կալանքի տակ է դրված: Մենք թվեր ենք լսում, շատ հետաքրքիր ա էդ թվերը լսել, էստեղ մեծ մասը հողագործության հետ կապ չունեն, թվերը լսում են, համեմատական կարգով ընդունում են, ասում են՝ լավ ենք ապրում, բայց լավ չի էդ, եթե 255 հոգուց 107-ին դատի եք տվել»,- ասաց ֆերմերը:
ԱԺ նախագահը հորդորեց գնահատականներ չտալ, ինչին ի պատասխան՝ ֆերմերն ասաց, որ ուզում է ասել այն, ինչ կատարվել է:
Սերգո Կարապետյանն ասաց, թե մշակի աշխատանքները բավարար ձևով կատարված չեն, ագրոտեխնիկայի կանոնները խախտված են, ցանքի ժամկետն է խախտված, և այս ամենին նպաստել են նաև բնակլիմայական պայմանները: Նա նշեց, թե խնդիրը միայն սերմը չէ, որովհետև նույն սերմը 2011 թվականին հավաքել են, տվել գյուղացիներին, ովքեր էլ, նրա խոսքով՝ ռեկորդային բերք են ապահովել:
«Մարդ կա, սերմը գցում է հողը ու մեկ էլ աշնանը գնում է հավաքելու, էդպես մարդիկ էլ կան, իսկ ով որ մշակում է, շատ լավ բերք է ստանում: Մի հողագործ ասում է՝ ես մի հեկտար լոլիկի մշակությունից ստացել եմ հարյուր տոննա բերք, հարևանը ոչինչ չի ստացել: էդ ո՞նց ա՝ մեկը ստանում ա բարձր բերք, մյուսը՝ ցածր»,- նշեց գյուղնախարարը:
Լսումներին մասնակից մեկ այլ ֆերմեր էլ՝ Ռաֆիկ Պողոսյանը, դիմելով ԱԺ նախագահին՝ ներկայացրեց Շենգավիթի առաջին ատյանի դատարանի վճիռը՝ նշելով, որ Գյուղնախարարությունը հայց է ներկայացրել ու շահել: «Ասում են՝ պետք ա տաք գումարները, պարոն նախարարը ստեղ սուտ ա ասում…»,- ասաց Ռաֆիկ Պողոսյանը:
Հովիկ Աբրահամյանը դարձյալ տուժած գյուղացիներին կոռեկտության կոչ արեց՝ ասելով. «Քեզ կոռեկտ պահի, սուտ ա ասել… լսի, խախտելը մի բան է, սուտ ասելը՝ ուրիշ»:
Ֆերմերը նշեց, թե համաձայն ՀՀ սերմերի մասին օրենքի՝ այդ սերմերը նախ պետք է երեք տարի փորձարկում անցկացնեին՝ տեսնելու համար՝ արդյոք Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպա՞ստ են, թե՞ ոչ, ապա միայն բաժանեին գյուղացիներին:
«Էսօր նամակ ենք ստանում՝ մի օր ուշացումով, դատարանի վճիռը արդեն ուժի մեջ ա, դատավորը երկրորդ պեչատը խփել ա,- ասաց գյուղացին, ապա հավելեց,- Նկարները կա, ամեն ինչը կա, սերմեր ա, ըտենց պայմանագիր են կապո՞ւմ՝ մեկը երկուսի հարաբերությամբ, վաշխառությամբ եք զբաղվում»:
ԱԺ նախագահը, դիմելով գյուղացուն, ասաց, թե պետք չէ գոռալ, ապա սպառնաց. «Լավ, մի րոպե լսի, հլը մոտիկ արի, բերանդ բացել՝ կանգնել ես, այ ժուլիկ: Նախ՝ ընչի՞ ես գոռում, դու գիտես, չէ՞, որ ես քո կենսագրությունը գիտեմ: Նախ՝ քեզ հանգիստ պահի՝ մեկ, երկրորդը… արդեն իմ հետ էլ ես ուզում բանավիճե՞ս անիմաստ տեղը: Ուրեմն՝ լսի ինչ եմ ասում՝ Կարապետյան Սերգոն ի՞նչ շահ ունի, որ քեզ խաբի, քո փողը չտա, հո իրա գրպանից չի՞ տալու, պետությունը պիտի տա՝ մեկ, երկրորդը՝ կարո՞ղ է՝ Կարապետյան Սերգոն կամ Աբրահամյան Հովիկը ուզում են, որ սերմը բերեն, անորակ լինի, որ մարդիկ բերք չստանան: Պարզ է, չէ՞, որ ինչ-որ մի խնդիր կա, պատճառները հասկանանք, լուծում տանք, ես ուզում եմ հասկանամ քո վրդովմունքի պատճառը, դու ճիշտ ես ասում՝ վարկի տակ ես, տուն, գույք և այլն, բայց հիմա հարկավոր է ոչ թե գոռալ…»:
Ֆերմերն ընդհատեց Հ. Աբրահամյանին՝ ասելով, թե չի գոռում, ինչից հետո ԱԺ նախագահը զայրացավ՝ ասելով. «Դե հիմա, կուլտուրա չունես՝ լսես, մի ժամանակ խոսելու, լսելու կուլտուրա կար, հիմա էդ էլ չունես, վերացավ ոնց որ, հիմա ես ուզում եմ ասեմ՝ լսի, եթե տենց բան կա, ես նամակ եմ ստացել, ձեր նամակը ես ինքս ստացել եմ, որ դուք գրել եք էդ դժգոհությունները, ես տվել եմ, որ Կառավարությունը զբաղվի, ես ինքս էլ կզբաղվեմ, փորձեմ հասկանամ՝ պատճառն ի՞նչն է, և ուզում եմ հասկանաս՝ անձերը ինչի՞ պիտի մեր ժողովրդին, մեր գյուղացուն ուզեն վատություն անեն, էն էլ Կառավարության անդամը կամ պատգամավորը կամ չգիտեմ՝ ով, պիտի մենք հասկանանք՝ պատճառը իրոք ով է: Իսկ ինչ վերաբերում է պայմանագրին՝ մեկ-երկու, ինչի՞ եք համաձայնել, չհամաձայնեիք»:
Տեսանյութը` Արմնյուզի-ի: