Բաժիններ՝

Պարտքերը մարելու համար Ուկրաինային անհրաժեշտ է 13 միլիարդ դոլար. նախարար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինային անհրաժեշտ է մոտ 13 միլիարդ դոլարի վարկ՝ սեփական պարտքերը մարելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Պավել Շերեմետը:

Նրա խոսքերով՝ Ուկրաինայի ոսկու արժութային պահուստները ներկայումս կազմում են 15 միլիարդ դոլար. «Դա հավասար է այն գումարին, որը մենք պետք է վճարենք այս տարի: Մենք չենք կարող մնալ առանց արժութային պահուստի, ինչի համար էլ մեզ այժմ անհրաժեշտ է առնվազն 13 միլիարդ դոլար՝ պարտքերը մարելու նպատակով»:

Նախարարն ընդգծել է, որ իրենք արդեն իսկ հանդիպել են մարտի 4-ին Ուկրաինա ժամանած Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ. «Մեծ հավանականություն կա, որ մեզ կհաջողվի խոշոր գումարներ ներգրավել միջազգային ֆինանսական ինստիտուտներից»:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել էր, որ ԵՄ-ը պատրաստ է առաջիկա երկու տարվա ընթացքում Ուկրաինային հատկացնել 11 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս