
Անդրեյ Դեշչիցան հույս է հայտնել, որ Ուկրաինային կհաջողվի բանակցել Ռուսաստանի հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան հույս է հայտնել, որ Ուկրաինային կհաջողվի բանակցել Ռուսաստանի հետ:
Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Այսօր ԵՄ-ում Ուկրաինայի օրն է: Վարչապետ Յացենյուկը և ես Բրյուսելում ենք: Զուգահեռ ակնկալում ենք Մոսկվայի հետ զրույց»: Յացենյուկն ու Դեշչիցան ԵՄ-ի Խորհրդի հրավերով այսօր մասնակցելու են ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթաժողովին:
Այցի շրջանակներում Յացենյուկը պետք է հանդիպումներ ունենա ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: