«Նաիրիտ»-ի սնանկության պահանջով դատարան դիմած ընկերության փաստաթղթերը 2-3 օրում կլինեն Երևանում
Իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերության գոյությունը հաստատող փաստաթղթերը առաջիկա 2-3 օրվա մեջ կլինեն Երևանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հավաստեց ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը՝ նշելով, որ փաստաթղթերն ուշանում են, քանի որ պետք է ԻԻՀ ԱԳՆ-ում համապատասխան ձևակերպում արվի, որպեսզի դրանք այլ օտար երկրում իրավական հիմք ունենան:
«SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերությունը, հիշեցնենք, անցած տարի նոյեմբերի 19-ին դիմել է դատարան՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Գործը քննում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը: «Նաիրիտի» ներկայացուցիչները փաստաթղթեր են պահանջել «SandbadTir INTL Transport Co.LTD»-ի վերաբերյալ, հավաստիանալու համար, որ այն գործող է: Հունվարի 24-ին դատական նիստը հետաձգվել էր՝ քանի որ փաստաթղթերը դեռ չէին ուղարկվել: Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 10-ին:
Վ.Խաչիկյանը հավաստիացրեց, որ իրանական ընկերության փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է: Նա նաև հայտնեց, որ ընկերությունը վերջին անգամ պարտքի մարման պահանջով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին դիմել է անցած տարի աշնան սկզբին և իր մոտ է գտնվում նաև գործարանի ներկայիս գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանի նամակը՝ ուղղված «SandbadTir INTL Transport Co.LTD»-ի ղեկավարությանը: