Բաժիններ՝

ԵՄ-ը Ուկրաինային կօգնի մարել «Գազպրոմին» ունեցած պարտքը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը երեկ հայտարարել է,որ Եվրահանձնաժողովն օգնության փաթեթ է պատրաստում Կիևի համար, որի կարևոր կետերից մեկն առնչվում է նրա գազային պարտքի մարմանը:

Օթթինգերի խոսքերով՝ ուկրաինական «Նավթոգազը» ռուսական «Գազպրոմին» պարտք է մոտ 2 միլիարդ դոլար, և ԵՄ-ը կօգնի Կիևին այդ հարցում: Նշվում է, որ Ուկրաինային եվրոպական օգնության փաթեթը պետք է հստակեցվի այսօր, որպեսզի այն վաղը դիտարկվի ԵՄ-ի գագաթաժողովում: Որոշակի տվյալներով՝ օգնության ծավալը կարող է անցնել մեկ միլիարդ եվրոյից:

Եվրահանձնակատարը նաև ենթադրել է, որ ԵՄ-ը կարող է Ուկրաինային օգնել գազի մատակարարման հարցում, ինչը կարող է իրականացվել Սլովակիայի միջոցով: Ներկայումս ԵՄ-ն Ուկրաինային առաջարկել է 610 միլիոն եվրոյի օգնություն: Այդ գումարին կարող է հավելվել ևս 500 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմը» երեկ հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում նախորդ տարեվերջին Ուկրաինայի համար արած գազային զեղչը (հազար խորանարդ մետրի դիմաց ռուսական գազի գինը ավելի քան 400 դոլարից նվազեցվել էր մինչև 268.5 դոլարի), ինչը ռուսական ընկերությունը պատճառաբանել էր նրանով, որ ուկրաինական կողմը դեռ չի վճարել նախորդ և այս տարվա գազային մատակարարումների դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս