Որքան գումար ունեն վերաքննիչ դատարանների դատավորները
«168 Ժամն» իր նախորդ համարներում արդեն անդրադարձել է, թե որքան գումար ունեն հայտարարագրած ընդհանուր իրավասության առաջին ատյանների դատավորները: Այս անգամ կներկայացնենք, թե որքան դրամական միջոցներ ունեն Հայաստանի վերաքննիչ դատարանի դատավորները:
Հիշեցնենք, որ թե նախորդ, թե այս հրապարակման մեջ նշվող տվյալները վերցվել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրված` դատավորների կողմից լրացված 2012թ. հայտարարագրերից: ՀՀ քրեական, քաղաքացիական և վարչական վերաքննիչ դատարանների դատավորներից իրենց դրամական միջոցներով աչքի են ընկնում վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանը, քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը և նույն դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանն այս պաշտոնում աշխատում է 2008-ից: Մինչ այդ նա եղել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ: Համաձայն հայտարարագրի՝ Տ. Սահակյանը տարեսկզբին ունեցել է 7 մլն 500 000 դրամ, իսկ տարեվերջին՝ 7 մլն 300 000 դրամ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանի՝ 2012թ. հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցներն ավելացել են. տարեսկզբին նա ունեցել է 20 մլն 700 000 դրամ, իսկ տարեվերջին՝ 25 մլն 100 000 դրամ: 2011թ. վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանն ունեցել է 10.000 դոլար և 8 մլն դրամ:
Ում գումարներն են նվազել
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ՀԱԿ ակտիվիստների գործով դատավոր Եվա Դարբինյանը, համաձայն իր հայտարարագրի, տարեվերջին նվազեցրել է իր դրամական միջոցների չափը: Տարեսկզբին նա ունեցել է 10 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 7 մլն դրամ: Նվազել են նաև նույն դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանի դրամական միջոցները: Ըստ հայտարարագրի՝ տարեսկզբին նա ունեցել է 300 000 դրամ, իսկ տարեվերջին՝ 250 000 դրամ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարինե Հակոբյանի դրամական միջոցները տարեվերջին զգալիորեն նվազել են՝ 13 մլն 500 000 դրամից դառնալով 6 մլն դրամ: Նույն դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի դոլարով ունեցած միջոցները պակասել են, դրամով ունեցած միջոցները՝ ավելացել: Տարեվերջին նա ունեցել է 775 177 դրամ և 40 000 դոլար:
Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Առաքելյանը տարեսկզբին ունեցել է 9 մլն 350 000 դրամ, տարեվերջին՝ 8 մլն 500 000 դրամ:
Որ դատավորների դրամական միջոցներն են ավելացել
2009թ. վերաքննիչ քրեական դատարանի դատավոր աշխատող Սերգեյ Չիչոյանը տարեվերջին ավելացրել է իր դրամական միջոցները: Այսպես, տարեսկզբին նա ունեցել է 33 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 41 մլն դրամ:
Նույն դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դրամական միջոցները ևս ավելացել են: Եթե տարեսկզբին նա ունեցել է 7 մլն 500 000 դրամ և 22 000 դոլար, ապա տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են 8 մլն 500 000 դրամ և 22 000 դոլար: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանը տարեսկզբին ունեցել է 9 մլն 300 000 դրամ և 25 000 դոլար, իսկ տարեվերջին՝ 12 մլն 800 000 դրամ և 25 000 դոլար:
1999թ. վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 3 մլն 500 000, իսկ տարեվերջին՝ 5 մլն դրամ: Դրամական միջոցներն ավելացրել է նաև վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը, ում հայտարարագրի համաձայն՝ նա տարեսկզբին ունեցել է 3 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 5 մլն դրամ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արմեն Թումանյանի տարեսկզին ունեցած 8 մլն դրամը տարեվերջին ավելացել է 1 մլն դրամով: Իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Մատինյանը տարեվերջին ունեցել է 3 մլն 500 000 դրամ:
Քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը տարեվերջին ունեցել է 3 մլն դրամ, 6 000 դոլար և նույնքան եվրո:
1999թ. վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի հայտարարագրի համաձայն՝ նա տարեսկզբին ունեցել է 4 մլն 700 000 դրամ, իսկ տարեվերջին՝ 5 մլն 500 000 դրամ: Նույն դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի դրամական միջոցները տարեվերջին կազմել են 7 մլն դրամ. տարեսկզբին նա ունեցել է 5 մլն 500 000 դրամ:
Դատավոր Արարատ Պետրոսյանը տարեսկզբին դրամական միջոցներ չի ունեցել. տարեվերջին նրա դրամական միջոցների չափը հասել է 2 մլն 500 000 դրամի: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանի՝ 2012թ. հայտարարագրի համաձայն՝ նա տարեսկզբին ունեցել է 15 մլն
100 000 դրամ, իսկ տարեվերջին՝ 16 մլն 200 000 դրամ: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի՝ դոլարով ունեցած միջոցների չափը չի փոխվել. թե տարեսկզբին, թե տարեվերջին նա ունեցել է 14 000 դոլար: Դրամով նրա ունեցած դրամական միջոցների չափը տարեվերջին աճել է՝ 35 մլն դրամից հասնելով 40 մլն 800 000 դրամի:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, ով նախագահի հրամանով այդ պաշտոնին է նշանակվել 2008թ., տարեվերջին ավելացրել է իր դրամական միջոցները: Տարեսկզբին և տարեվերջին նա ունեցել է 2 մլն դրամ, տարեվերջին նրա միջոցներին ավելացել է 5 000 եվրո:
2011թ. նախագահի հրամանով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակված Կարինե Ղազարյանի հայտարարագրի համաձայն՝ նա տարեսկզբին ունեցել է 2 մլն 100 000, իսկ տարեվերջին՝ 3 մլն 700 000 դրամ: 2012թ. նույն դատարանի դատավոր աշխատող Լիլիթ Թադևոսյանի՝ տարեսկզբին ունեցած դրամական միջոցները կազմել են 17 մլն 012 000 դրամ, իսկ տարեվերջին՝ 22 մլն 470 000 դրամ:
Քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանը տարեսկզբին ունեցել է 22 000 դոլար և 6 մլն դրամ. տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են 24 000 դոլար և 7 մլն 500 000 դրամ: Նույն դատարանի դատավոր Իսկուհի Վարդանյանի դրամական միջոցները 3 մլն դրամից հասել են 4 մլն 500 000 դրամի:
2013թ. վարչական վերաքննիչ դատարանում աշխատող Քրիստինե Մկոյանը տարեսկզբին ունեցել է 10 000 դոլար, իսկ տարեվերջին՝ 13 000 դոլար: Նույն դատարանի դատավոր Արա Բաբայանն ունի 5 900 դոլար, որը մնացել է անփոփոխ, իսկ 6 մլն 500 000 դրամն ավելացել է՝ դառնալով 7 մլն 100 000 դրամ:
Դրամական միջոցներ չունեն
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, ըստ հայտարարագրի՝ դրամական միջոցներ չունի: 1999թ. նույն դատարանում աշխատող Դանիել Խաչատրյանը ևս դրամական միջոցներ չի հայտարարագրել: Դրամական միջոցներ չի հայտարարագրել նաև վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանը:
Դրամական միջոցները չեն փոխվել
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանը թե տարեսկզբին, թե տարեվերջին ունեցել է 2 մլն դրամ: Նույն դատարանում 2008թ. աշխատող Տարոն Նազարյանի միջոցները ևս անփոփոխ են մնացել. ըստ հայտարարագրի՝ նա 36 մլն դրամ և 50 000 դոլար է ունեցել: 2008թ. նախագահի հրամանով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակված Կարեն Չիլինգարյանն ունեցել է 500 000 դրամ և 4200 դոլար: Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Գալուստ Ղարիբյանը 14 000 դոլար է ունեցել, նույն դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանը՝ 6000 դոլար: