Արկադի Վարդանյանին 10 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը մնաց ուժի մեջ. pastinfo.am
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն էլ բավարարվեց մասնակի, սակայն պատժաչափը փոփոխության չի ենթարկվել:
Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով Արսեն Ավետյանը մեղավոր էր ճանաչել ապօրինի կերպով հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար, վերաորակել է և Արսեն Ավետյանին մեղավոր է ճանաչել՝ միայն ապօրինի կերպով հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու համար:
Արսեն Ավետյանի և Արկադի Վարդանյանի պաշտպանները պահանջում էին բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը՝ 10 տարվա ազատազրկման։
Մինչ վերաքննիչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ գնալը՝ գործին վերաքննիչ դատարանում ներգրավված Արկադի Վարդանյանի երրորդ պաշտպան Սարդարյանն անօրինական և անհիմն համարեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանն իր պաշտպանյալի հանդեպ պատիժ է նշանակել՝ օրենքի կոպիտ խախտումներով:
Ըստ նրա՝ Արկադի Վարդանյանը չի կարող մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, քանի որ նրա գործողություններում բացակայում են նշված հանցագործության հանցակազմի թե՛ օբյեկտիվ և թե՛սուբյեկտիվ կողմերը: Բացի այդ, Ա. Վարդանյանը ոչ միայն հանցակազմի բացակայությամբ է մեղավոր ճանաչվել, այլև նրա նկատմամբ նշանակվել է առավել խիստ պատիժ:
Պաշտպանը նաև նշել է, որ բազմաթիվ խախտումներից մեկն էլ այն է եղել, որ Ա.Վարդանյանի նկատմամբ չի նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։
«Եթե դատարանը օբյեկտիվ լիներ, ապա չէր կարող մեծ բարեգործ Արկադի Վարդանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չառնել նաև նրա անձն ու տարիքը»,- ասել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:



