«Արդյո՞ք ԲՀԿ-ի հետևում Քոչարյանի ականջները չեն երևում» (տեսանյութեր)
«Անկեղծորեն ասեմ` չեմ եղել միտինգին ու չէի էլ ուզում լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը` խոսելով մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի մասին: Նրա խոսքով՝ ինքը հարյուրավոր հանրահավաքներ է տեսել և «դա էլ թող լիներ, ասենք, 141-երորդը, ոչնչով չէր տարբերվում նախորդներից»:
«Ես սկզբից էլ գիտեի, որ միտինգը ոչինչ չի տալու: Իսկ առաջին նախագահի ելույթի մեջ ինձ ընդամենը մի բան հետաքրքրեց, որ մարդ, որը միշտ դեմ է եղել Մաքսային միությանը հայտարարում է, որ ինքը կողմ է: Նա կողմ է արտահայտվել միայն վերջերս: 1993-94 թվականներից Մաքսային միության խնդիրը քննարկվել է և, դեռ այն ժամանակից Երջանիկ Աբգարյանը մի քանի անգամ գնացել է խորհրդակցությունների և նույնս կարգադրությունն է եղել է` մերժել, մերժել, մերժել: Սահման չունենք Ռուսաստանի հետ. պատճառաբանումը դա էր: Իրական պատճառաբանումն, իհարկե, ուրիշ էր»:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը էլ, խոսելով առաջին նախագահի ելույթի մասին՝ նշեց, որ այն իր մոտ շատ հարցեր է առաջացրել: Նրա փոխանցմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթը համեմատելով նրա նախկին ելույթների հետ, իրարամերժ տեսակետներ է նկատել:
«Ընդհանրապես, ես պարոն Շիրխանյանի հետ մեկ հարցում համաձայն չեմ, որ ասում է՝ միտինգ գնալը ոչինչ չի տա: Լավ, եթե միտինգը ոչինչ չի տա, բա ի՞նչ անենք: Մեր ժողովուրդը, մեկը՝ ես, ի՞նչ անենք, որ մեր երկրում մի բան փոխենք: Ո´չ Լևոն Տեր Պետրոսյանի ասածն է ինձ համոզում, ո՛չ մյուս բոլոր առաջնորդների: Եվ ուղղակի շիվարած վիճակ է: Ես գնացել էի հանրահավաքին և ավելի շիվարեցի, ավելի մոլորվեցի: Ի՞նչ պիտի լինի մեր վաղվա օրը»:
Խոսելով «Բարգավաճ Հայաստանի» և «Ժառանգության» հնարավոր համագործակցության մասին, Ա. Բաշխյանն ասաց, որ, լինելով բոլոր պարագաներում համագործակցության կողմնակից, լավ չի պատկերացնում այդ համագործակցությունը, քանի որ այսօր «Բարգավաճ Հայաստանը» բոլորովին այլ կերպարով է հանդես գալիս:
«Այսինքն, ինչպես ասում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»: Որոշ գործիչներ «Բարգավաճում» քննադատում են, ուղղակի քարը քարին չեն թողնում, ու ես չգիտեմ, թե դա ինչքանով է ազնիվ, ինչքանո՞վ հավատամ ես դրան, և արդյո՞ք, իսկապես, դրա հետևում Քոչարյանի ականջները չեն երևում»:



