Երիտասարդ բնակչության թվաքանակով Թուրքիան Եվրոպայի առաջատարն է

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի երիտասարդ բնակչությունն իր թվաքանակով գերազանցել է ընդհանուր առմամբ եվրոպական 24 երկրի երիտասարդ բնակչությանը:

Թուրքիայում երիտասարդ բնակչության թվաքանակը կազմում է 18.8 միլիոն մարդ, որով նա հանդիսանում է Եվրոպայում ամենամեծ երիտասարդ բնակչություն ունեցող երկիրը: Եվրոպական վիճակագրական տվյալներով` նախորդ տարի Թուրքիայում 15-29 տարեկան մարդկանց քանակը կազմել է 18.862.319 մարդ, որով և նա դարձել է Եվրոպայի առաջատարը:

Երիտասարդ բնակչության թվաքանակով Թուրքիան գերազանցել է 24 եվրոպական երկրի երիտասարդ բնակչությանը` միասին վերցրած: Բացի այդ, Թուրքիան իր երիտասարդ բնակչության թվաքանակով 2013 թվականին գերազանցել է եվրոպական 29 երկրից յուրաքանչյուրի ընդհանուր բնակչությանը:

Երիտասարդ բնակչության քանակով Եվրոպայում երկրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիան` ավելի քան 14 միլիոն մարդ: Երրորդ տեղում Մեծ Բրիտանիան է` 12.5 միլիոն երիտասարդ, ապա գալիս են Ֆրանսիան` 11.8 միլիոն մարդ, և Իտալիան` 9.162.927 երիտասարդ:

Եվրոպայում ամենափոքրաթիվ երիտասարդ բնակչությունն ունեցող երկիրը Լիխտենշտեյնն է: Այս երկրում 15-29 տարեկանների քանակը կազմել է 6680 մարդ: Լյուքսեմբուրգում երիտասարդների քանակը կազմել է 10.289 մարդ:

ԵՄ-ի անդամ 28 երկրում երիտասարդ բնակչության քանակը կազմել է 90.810.118 մարդ: Դա մոտ 5 անգամ ավելին է` համեմատած Թուրքիայի երիտասարդ բնակչության թվաքանակի հետ: 17 երկրից բաղկացած Եվրոգոտում երիտասարդ բնակչության թվաքանակը կազմել է 56.824.089 մարդ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին Թուրքիայի վիճակագրական վարչության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն,  2013 թվականին Թուրքիայի բնակչությունը, 2012 թվականի հետ համեմատ, աճել է 13.7 տոկոսով (1.040.480 մարդով)՝ հասնելով 76.667.864 մարդու:

Դեռևս 2011 թվականի ամռանը TÜİK-ը կանխատեսել էր, որ Թուրքիայի բնակչությունը չի կարող հասնել 100 միլիոն մարդու: Կանխատեսվում էր, որ 2020 թվականին Թուրքիայի բնակչության քանակը կհասնի 81.778.000-ի, իսկ 2025 թվականին՝ 85.407.000-ի: 2046 թվականին այն կհասնի իր գագաթնակետին՝ 92.276.000-ի։

Դրանից հետո Թուրքիայի բնակչության աճի տեմպը կանգ է առնելու և սկսելու է հետընթաց ապրել։ Արդյունքում, 2060 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակը կկազմի 88.870.000 մարդ, ինչպես որ կլինի դրանից 30 տարի առաջ (88.266.000 մարդ)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31