Բաժիններ՝

Ճիշտը դատի տալն է. Դավիթ Զադոյան

Հայ գյուղացու խնդիրները դարեր շարունակ նույնն են՝ Հայաստանը սակավաջուր երկիր է, և խնդիրներից առաջինը ոռոգման ջուրն է, պարարտանյութը, տեխնիկայի նորացումն ու բերքի պաշտպանությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Զադոյանը՝ նշելով, որ մոտակա տարիներին այլ խնդիր չի լինելու:

Ըստ նրա՝ թեև ՀՀ-ում պարարտանյութ չի արտադրվում, բայց պետք է մի քիչ ալկարկոտ չլինել ու գոմաղբով հարստացնել հողը:

«Եղանակային պայմանները մինչ օրս շատ լավ է գյուղատնտեսության համար: Ցուրտ, ձնառատ ձմեռ էր, հողում կուտակվել է բավարար խոնավություն, հիմա էլ նորմալ է: Աստված տա, սրանից հետո կարկուտ կամ ցրտահարություն չլինի, հատկապես՝ երբ ծառերը ծաղկեն: Դրանից ոչ ոք չի կարող փրկել, քանի որ եթե կարկուտի առաջ կարողանում են պայքարել, ապա ցրտահարության դեմ շատ դժվար է»,- ասաց Դ.Զադոյանը:

Անդրադառնալով սերմերի և երինջների հարցերով Գյուղնախարարության կողմից հարուցված դատական գործերին՝ Դ.Զադոյանը նշեց, որ պետք է խնդիրն ուշադիր ուսումնասիրել, քանի որ հնարավոր է, որ ապահով անձինք խցկված լինեն այդ ցուցակներում, ովքեր «մեջք» ունեն, քանի որ այդ մարդիկ են մեծ մասամբ վերցնում ու չեն տալիս. «Պետք է ուշադիր ցուցակը նայել ու հայտնաբերել, եթե իրոք այդպիսին են, դատի տալ: Իսկ եթե կպարզվի, որ ինչ-որ օբյեկտիվ պատճառներ կան, պետք է փորձել օգնել, որ գյուղացին այդ վիճակից դուրս գա: Բայց դատի տալը ճիշտ է, որ հասկանան, որ վերցրել են, պետք է նաև վերադարձնեն: Միաժամանակ, պետությունն էլ պետք է հասկանա, որ դա ուրիշ մարդ չի, իր երկրի քաղաքացին է, եթե իրոք ինչ-որ ձևով վնասվել է, պետք է օգնի, այս տարի զիջի, եկող տարի վճարեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս