Բաժիններ՝

«Ամուսնուս հետ ծանոթացել եմ սկեսուր-մայրիկիս շնորհիվ». խոստովանում է պարուհի, հաղորդավարուհի Մարինե Մարտիրոսյանը (լուսանկարներ)

Մեր առաջին հարցազրույցը պարուհի, հաղորդավարուհի, իսկ այսօր արդեն՝ Մոսկվայում բնակվող և տեղի հայկական «Արմ.tv» կոչվող հեռուստաընկերության լուրերի հաղորդավարուհի Մարինե Մարտիրոսյանի հետ տեղի էր ունեցել շուրջ երկու տարի առաջ: Այդ ժամանակ նա դեռ, այսպես ասած, «ազատ» էր և վարում էր մեծամասամբ ժամանցային բնույթի հաղորդումներ: Այս երկու տարիների ընթացքում Մարինեի կյանքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել:

Մարինե, մեր նախորդ հանդիպումը քեզ հետ շուրջ երկու տարի առաջ էր` ամուսնությունիցդ գրեթե երկու ամիս առաջ: Այն ժամանակ, սակայն, դու ջանասիրաբար թաքցնում էիր անգամ, որ առհասարակ ընտրյալ ունես, էլ չենք խոսում՝ ամուսնության մասին: Պարզապես չէի՞ր ցանկանում անձնական կյանքիդ մասին խոսել, թե՞ իրոք ամեն ինչ այդքան հանկարծակի և միանգամից ստացվեց:

– Ամենևին էլ չեմ թաքցրել: Պարզապես այն ժամանակ ես նույնիսկ չէի էլ սպասում, որ մոտ ապագայում ամուսնության առաջարկություն կստանամ, ինչն էլ սիրով ընդունեցի: Իսկապես ամեն ինչ շատ անսպասելի տեղի ունեցավ: Արդյունքում՝ ունեմ հրաշալի և գեղեցիկ ընտանիք և երջանիկ եմ:

Marine Martirosyan (7)

Կարդացեք նաև

Գեղեցիկ հարսանեկան արարողություն, իսկ այնուհետև՝ ճանապարհորդություններ տարբեր երկրներ` անգամ «խորը» հղիության ժամանակ: Այդ ամենի մասին պատմում են նաև Ձեր լուսանկարները: Եվ քանի որ թաքցնելու այլևս ոչինչ չկա, կպատմե՞ս՝ ինչպես եք հանդիպել:

– Ամուսինս ինձ տեսել էր հեռուստացույցով` հերթական նախագծերից մեկի ժամանակ, ավելի ստույգ՝ «Շանթ» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող X-Faktor նախագծի շրջանակներում: Իսկ մեզ ծանոթացրել է ամուսնուս մայրը` տիկին Օլգա Պավլովնան, նա Նկարիչների միության անդամ է: Սկեսուր-մայրիկս արվեստի մարդ է: Եվ այդ հանգամանքը շատ է մեզ օգնում իրար ճիշտ հասկանալու հարցում: Նա բավականին հետաքրքիր, թանկարժեք քարերով պատրաստված ձեռագործ զարդերի մեծ և շատ գեղեցիկ հավաքածու ունի: Մեր նկարահանումներից մեկի ժամանակ իմ ապագա սկեսուր-մայրիկս հյուր էր: Իսկ հետո արդեն նա է ծանոթացրել մեզ` ինձ և Արթուրին:

Marine Martirosyan1 (3)

Marine Martirosyan (10)

Marine Martirosyan1 (2)

Ինչպե՞ս հասկացար, որ հենց Արթուրը պետք է լինի քո ամուսինը: Իսկ միգուցե նա՞ քեզ «համոզեց» այդ հարցում:

– «Քիմիական ռեակցիա» հասկացողությունն է այստեղ գործել: Սիրտդ զգում է, որ հենց նա է քո կեսը, և, որ միասին մեկ ամբողջություն կդառնաք: Իսկ ինչ վերաբերում է համոզելուն… երևի թե իր անկեղծությամբ, բարությամբ, ինտելեկտուալ բարձր մակարդակով… այո, այդ ամենով նա կարողացել է համոզել ինձ:

Marine Martirosyan1 (1)

Marine Martirosyan (8)

Marine Martirosyan (5)

Ձեր միջև տարիքային տարբերությունն օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է իրար լավ հասկանալու հարցում: Հայերիս մոտ կարծրատիպ կա, թե տղամարդու՝ տարիքով մեծ լինելն անգամ նպաստում է ընտանիքի ամրությանը:

– Կարծում եմ՝ այդ կարծրատիպը հիմա մի քիչ փոխվել է: Ինչ վերաբերում է իմ և ամուսնուս տարիքային տարբերությանն, ապա ասեմ, որ ես 9 տարով փոքր եմ նրանից: Գուցե տարիքով ավելի մեծ տղամարդու հետ ամուսնանալով՝ կանայք շահում են, բայց չէ՞ որ կան այնպիսիները, որ տարիքով մեծ են, բայց ամենևին էլ հասուն մարդիկ չեն, և այդպիսին չեն էլ դառնում ողջ կյանքի ընթացքում: Կարծում եմ` զույգերի միջև կարևոր է միմյանց նկատմամբ հարգանքը, փոխըմբռնումը և, իհարկե, մեծ սերը: Ամուսնուս հետ իրար շատ լավ ենք հասկանում, որովհետև սիրում ենք իրար: Գործունեության առումով կարող է թվալ, թե տարբեր բնագավառներից ենք, բայց իրականում այդքան էլ հեռու չենք իրարից: Ամուսինս ոճաբան է. ստեղծում է կոշիկներ, աքսեսուարներ: Ունի իր բրենդը, որը կոչվում է HRS: Ամուսնուս գործն էքսկլյուզիվ աշխատանքներ են, այսինքն՝ երկրորդ նմանը երբեք չի ստեղծում, այդ իսկ պատճառով իր գործի մեջ էլ արվեստ կա… Ավելին, մենք իրար նույնիսկ օգնում ենք:

Marine Martirosyan (2)

– Ձեր ամուսնությունից դո՞ւ ես լավ ամուսին շահել, թե՞ ամուսինդ է լավ կին «հաջողացրել»:

– Նայած, թե ինչ նկատի ունեք՝ «հաջող ամուսնություն» ասելով… Հիմա շատ դեպքերում հաջող ամուսնությունը համարվում է միլիոնատիրոջ հետ ամուսնանալը… Իսկ իրականում հաջող ամուսնությունն ինձ համար երջանկություն է: Հաջող ամուսնությունն ինձ համար այն է, երբ ամուսինը հարգում է կնոջ «ես»-ը, իսկ կինը` ամուսնու «ես»-ը: Երբ ամուսիններից որևէ մեկը չի փորձում ինքնահաստատվել մյուսին ճնշելու հաշվին, երբ ամուսիններից յուրաքանչյուրը հարգում և ընդունում է դիմացինին, ինչպիսին որ կա, և ջանքեր չի գործադրում՝ անընդհատ փոխելու նրա «ես»-ը:

Marine Martirosyan (1)

– Հաջող ամուսնությունը որքանո՞վ է կարևոր մեդիա ոլորտում աշխատող կնոջ համար: Ասում են՝ դա գործի կեսն է: Պատմիր քո ներկայի աշխատանքի մասին: Ինչպե՞ս կարողացար գտնել քեզ հետաքրքրող և ճանաչում բերող հաղորդում, այն էլ՝ օտար, ամայի ափերում` լինելով 1, 5 տարեկան երեխայի մայր: Ամուսինդ աջակցե՞լ է քեզ այդ հարցում:

– Կարելի է ասել՝ աշխատանքը գտավ ինձ, ես էլ` աշխատանքին: Մեդիա ոլորտի իմ ընկերներից մեկն ասել էր Մոսկվայի «Արմ.tv» հեռուստաընկերության տնօրենին, որ այսինչ մարդը, այսինքն՝ ես, տեղափոխվել և հիմա բնակվում է Մոսկվայում: Այդպես ինձ հրավիրեցին աշխատանքի. պարզապես իրենց լուրերի հաղորդավար էր պետք և ինձ ընդունեցին լուրերի բաժին: Լինելով ժամանցային և երաժշտական ծրագրերի հաղորդավարուհի, ես սովորել և ավարտել եմ Հեռուստա-ռադիո հաղորդավարների դպրոցը, միշտ ցանկացել եմ վարել լուրեր և լինել լրատվության մեջ: Այսպիսով իմ ցանկություններից այս մեկն էլ կատարվեց` ինձ ընդունեցին, մենք փորձեցինք, և ստացվեց… ինձ հաստատեցին՝ որպես հայկական լուրերի հաղորդավարուհի: Իսկ ամուսնուս աջակցությունը նրանում է, որ չարգելեց, որպեսզի աշխատեմ, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրան:

Marine Martirosyan (4)

Marine Martirosyan (6)

– Երևանում ևս վարել ես հաղորդումներ, սակայն դրանք մեծամասամբ ժամանցային բնույթ էին կրում: Հարցս միգուցե և կոպիտ հնչի, սակայն չե՞ս կարծում, որ լուրեր հաղորդելու համար գեղեցիկ արտաքինն ու գրագետ խոսելաոճը բավարար չէ: Չե՞ս կարծում, որ լուրերի հաղորդավարուհին պետք է քիչ թե շատ հասկանա, տեղյակ լինի այն ամենից, ինչի մասին խոսում է եթերից:

– Իհարկե, գեղեցիկ արտաքինն ու գրագետ խոսքը շատ քիչ են: Լուրերի հաղորդավարուհին պետք է տեղյակ լինի լուրերից. համաձայն եմ: Պետք է իմանա, թե ինչի մասին է կարդում եթերից: Եթե ես սովորած չլինեի և պատրաստված չլինեի լրատվության համար, նույնիսկ չէի համարձակվի փորձել: Հիմա ես ոչ միայն կարդում եմ, այլև հավաքում և պատրաստում եմ յուրաքանչյուր թողարկում: Ճիշտ է, ես մենակ չեմ, կան լրագրողներ, խմբագիրներ… Բոլորս միասին ստեղծում ենք օրվա լուրերի թողարկումը: Ունեմ շատ լավ օգնականներ:

– Դու պրոֆեսիոնալ պարուհի ես, տարիներով ելույթ ես ունեցել բեմում: Ամուսինդ դեմ կլինի՞, եթե նորից բեմ բարձրանաս:

– Ճիշտ եք, պարուհի լինելն իմ առաջին մասնագիտությունն է: Սակայն ես պարզ գիտակցում եմ, որ պարարվեստը երիտասարդ արվեստ է: Բալիկիս ծնվելուց հետո դեռևս բեմ չեմ բարձրացել: Եվ եթե անկեղծ` շատ եմ կարոտել: Բայց կարծում եմ՝ ամուսինս դեմ չի լինի իմ՝ կրկին բեմ բարձրանալուն: Իհարկե, եթե այն շատ ժամանակ չխլի: Այսինքն՝ այն ժամանակը, որը պատկանում է մեր բալիկին:

Marine Martirosyan (9)

– Ինչպե՞ս ես համադրում մայրությունն ու աշխատանքը: Ո՞վ է մնում բալիկի հետ, չէ՞ որ նա դեռ երկու տարեկան չկա: Երբևէ խղճի խայթ չե՞ս զգացել, որ այն ժամանակը, որ բնության չգրված օրենքով երեխային է պատկանում` վատնում ես աշխատանքիդ վրա: Չէ՞ որ, եթե անկեղծ` դու ֆինանսական խնդիրներ լուծելու համար չես աշխատում, ինչպես շատ երիտասարդ մայրեր:

– Դե, առաջին ու վերջին մայրը չեմ, ով համադրում է մայրությունն ու աշխատանքը: Եվ հետո աշխատանքիս վայրում պայմանավորվածություն ունեմ, որ շաբաթը երեք օր եմ աշխատելու: Այդ օրերին դայակն է պահում: Մնացած օրերին ընտանիքիս հետ եմ: Երբեմն, իհարկե, խղճի խայթ զգում եմ, բայց անկեղծ կլինեմ ու կասեմ, որ չեմ տառապում դրանից, որովհետև իրականում ես այդքան էլ չեմ բացակայում տանից: Եվ հետո մայրերն էլ մարդ են և վերալիցքավորվելու կարիք ունենում են: Ամեն դեպքում, ինձ համար առաջնայինն ընտանիքն է:

– Ամուսինդ երկար տարիներ ապրում և աշխատում է Ռուսաստանում: Ո՞րն է տարբերությունն այնտեղ և Հայաստանում մեծացած և դաստիարակված տղամարդկանց կերպարների միջև` իբրև ամուսին և հայր:

– Տարբերության մասին որևէ բան ասել չեմ կարող: Ուղղակի կասեմ, որ ամուսինս հայ ընտանիքում է մեծացել և հայեցի դաստիարակություն է ստացել, իսկ օտար երկիրն ամենևին չի փոխել նրան: Հակառակը` ինքնուրույն լինելով օտար երկրում, ավելի կոփվել ու հասուն մարդ է դարձել: Սա ամուսնուս առավելությունն է, որովհետև լինում են դեպքեր, երբ մարդ կուլ է գնում օտար և բացասական բարքերին: Իմ Արթուրն իսկապես հրաշալի ամուսին է և հրաշալի հայր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս