Ապացույցները լիովին բավարար են վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ դատական հայց ներկայացնելու համար
«Եվրոպայի հայկական միությունների ֆորումի տրամադրության տակ եղած ապացույցները լիովին բավարար են վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ դատական հայց ներկայացնելու համար, ավելին` միջազգային դատարանի առջև կանգնեցնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Այժմ, ըստ նրա, ֆորումը սպասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակի պատասխանին, սակայն, եթե դրան պատասխան չլինի, ծրագրված են հետագա քայլերը, որոնք մեկը մեկի հետևից կիրականացվեն. «Թե դրանք ուր կհասցնեն, ժամանակը ցույց տա: Բրյուսելյան իմ հայտարարությունից հետո մենք սկսեցինք սառը պատերազմը և մինչև վերջ ենք գնալու»,- ասաց նա:
Ա. Գրիգորյանը նշեց, որ գոնե «Նաիրիտի» ու օֆշորային սկանդալի հարցում նախագահը պետք է վերջապես իր ասելիքն ասի: «Մինչև այսօր այնպիսի մի լռություն է պահում, որ մենք սկսում ենք զարմանալ,- ասաց նա՝ ավելացնելով,- Այնպես որ, եթե մենք պատասխան չստանանք, մեր հաջորդ քայլը կլինի շատ դաժան ու ոչ կոմպրոմիսային»:
Աշոտ Գրիգորյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: