
Տարօրինակ աճ

2013 թ-ին 2012 թ. համեմատ ՀՆԱ-ի 3.5% աճը շատ տարօրինակ է, որովհետև նույն Ազգային վիճակագրական ծառայությունը տնտեսական ակտիվության ցուցանիշն էր հրապարակել 3.5%, մինչդեռ երբևիցե ՀՆԱ-ի ու տնտեսական ակտիվության ցուցանիշները չեն կարող համընկնել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ տնտեսական ակտիվությունը ՀՆԱ համեմատ ամբողջ տարվա ընթացքում ավելի բարձր է եղել: Տնտեսական ակտիվության հաշվարկման մեթոդիկան նույնն է, ինչ որ խորհրդային տարիներին ՎԱԼ-ն էր հաշվվում, որտեղ կրկնակի հաշվարկներ կային: Այն չի կարող համընկնել ՀՆԱ-ին: Սա, ես կարծում եմ, քաղաքական պատվերի հետևանք է, որովհետև մինչ այդ պետական պաշտոնյաները, այդ թվում՝ Տիգրան Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը, հնչեցնում էին, որ 3.5% աճ է ապահովվել: Այժմ իրականության հետ կապ չունեցող մի թիվ են նկարել»,- ասաց Վ.Խաչատրյանը: